Բաքվում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թերի Դեվիդսոնը Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու համար առաջարկում է ուղղակի «սպասել»։
Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու հարցում Սպիտակ տան եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից խոչընդոտներ չկան, սեպտեմբերի 30-ին հայտարարել է Դեվիդսոնն ու հավելել. «Ներկայումս հարցը քննարկվում է ԱՄՆ Սենատում, եւ մեզ մնում է միայն սպասել»:
Բրայզայի թեկնածության հարցը քննարկվում է դեռեւս օգոստոսից, սակայն նրա թեկնածությունը հաստատելու որոշումն արգելափակել է դեմոկրատ սենատոր Բարբարա Բոքսերը: Բացի այդ, Բրայզայի թեկնածության վրա «վետո» էր դրել նաեւ սենատոր Ռոբերտ Մենենդեսը։
Սենատորների «վետոն» կանխում է Սենատի կողմից Բրայզայի նշանակման հարցի արագացված քննարկումը՝ փաստացիորեն արգելափակելով նրա հաստատումն այդ պաշտոնում։ Նշենք, որ 2006 թվականի Մենենդեսի նմանատիպ գործողությունների շնորհիվ կանխվել էր նաեւ Ցեղասպանությունը ժխտող Ռիչարդ Հոգլանդի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակումը։
2006-2009 թվականներին Բրայզան ԵԱՀԿ Մինսկի խմբում զբաղեցնում էր ամերիկացի համանախագահի պաշտոնը։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է 2009 թվականից։




























