Տասը մատի մատնահետքով քվեարկության առաջարկն արել է ՄԱԿ-ի ստեղծած հատուկ հանձնաժողովը, որին մասնակցում են ՀԱԿ-ը, իշխանության ու այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն՝ անդրադառնալով տասը մատի մատնահետքով քվեարկության արդյունավետությանը:
«Տասը մատի մատնահետքով ընտրությունը Ղըրղզստանում փորձարկված է եւ շատ հաջող իրականացվել է եւ ապահովել է վստահությունը այդ համակարգի նկատմամբ: Այս առաջարկը արել է ՄԱԿ-ի ստեղծած հատուկ հանձնաժողովը, որին մասնակցում ենք մենք, իշխանության ու այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Ստեղծվել է հատուկ հանձնաժողով ՄԱԿ-ի առաջարկությամբ եւ աջակցությամբ, որը ուսումնասիրել է էլեկտրոնային տարբեր համակարգի հնարավորությունները եւ որպես առաջին տարբերակ հենց այս համակարգն է նշել, որը մենք, ՄԱԿ-ը համարում ենք հնարավոր»:
Ընդդիմադիր գործիչը անհեթեթություն է համարում իշխանության ներկայացուցիչների այն պնդումները, որ դրա իրագործումը տեխնիկապես ու ժամանակի առումով մեծ ջանքեր է պահանջում եւ գրեթե անհնար է այդ մոդելը:
Ըստ Զուրաբյանի՝ եթե այս մոդելը գործի, ապա կարիք չի լինի քվեարկված ցուցակների հրապարակմանը, ինչպես նաեւ Արամ Մանուկյանի առաջարկած վրաստանյան մոդելով ուռճացված ցուցակների մաքրմանը:
«Եթե լինի բոլոր ընտրողների նախնական ռեգիստրացիա եւ բոլոր ընտրողները ընտրական օրենսգրքի ընդունումից մինչեւ քվեարկության նախորդող օրերը գնան նախնական ռեգիստարցիայի, հանձնեն իրենց տասը մատնահետքերը եւ դրանով ցույց տան, որ իրենք գրանցվել են քվերակության համար, որից հետո միայն ընտրության օրը գալիս են ընտրատեղամաս քվերակության մեկ մատի մատնահետքով: Սա ցույց է տալիս, որ այս պրոցեսով կանցնեն միայն այն մարդիկ, ովքեր Հայաստանում են, այսինքն՝ հստակ կգրանցվեն ռեալ ընտրողները: Սա հենց ցուցակները մաքրելու ավելի հուսալի ընթացակարգ է, քան այն, ինչ մենք առաջարկում էինք Վրաստանի տարբերակով»,-ասաց Զուրաբյանը:




























