Սեպտեմբերի 4-ին Սոչիի երգեհոնային և կամերային երաժշտության համերգասրահում տեղի է ունենալու հայկական երաժշտության համերգ՝ համեմված Հայաստանի տեսարժան վայրերի տեսաերիզներով։
Ինչպես հաղորդում է «Երկրամաս» թերթը, համերգային ծրագրի մեջ ընգրկված են Կոմիտասի մշակմամբ ժողովրդական երգեր, Ա. Տիգրանյանի, Ա. Սպենդիարյանի, Է. Միրզոյանի դասական դաշնամուրային և վոկալ ստեղծագործություններ։
Նշենք, որ Սոչիի սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Օլեգ Սոլդատովի գլխավորությամբ, կկատարի «Գայանե» բալետից սյուիտ, ինչպես նաև հատվածներ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսից»: Համերգի ընթացքում կհնչեն նաև Ա.Հարությունյանի և Առնո Բաբաջանյանի երկու դաշնամուրների համար «Հայկական ռապսոդիան», Ա.Բաբաջանյանի «Նոկտյուրնը»՝ դաշնամուրի և նվագախմբի համար։
Համերգի ժամանակ ելույթ կունենան մենակատարներ Լիանա Մսրլյանը (սոպրանո), Սուրեն Վարդանյանը (դաշնամուր), Հայաստանի վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանը (դուդուկ), Լարիսա Շկարուբսկայան (թավջութակ), Մաթևոս Մալխասյանը (տենոր), ռուսական և միջազգային մրցույթների դիպլոմային աշխատանքների հեղինակ Վալերիա Անֆինոգենովան (դաշնամուր):




























