Աուտսորսինգային Portico ընկերությունը, որը քարտուղարուհուն աշխատանքից ազատել էր  բարձր կրունկներ կրելուց հրաժարվելու պատճառով, խոստացել է վերանայել իր դրես-կոդը եւ աշխատակցուհիներին թույլ տալ հարթ ներբանով կոշիկներ կրել: Ընկերությունից հայտնել են, որ ուզում են բոլորին հավասար հնարավորություններ տալ: Portico-ի` դրես-կոդին վերաբերմունքի փոփոխությունները պիտի ուժի մեջ մտնեն անմիջապես, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:  

Որոշումը տեղեկատվական արշավի հետեւանքն է, որը սկսել է Նիկոլա Տորպ անունով քարտուղարուհին:  

2015-ի դեկտեմբերին 27-ամյա Տորպը ժամանակավոր աշխատանք է ստացել աուդիտորական PriceWaterhouseCoopers ընկերության գրանցան սեղանի մոտ: Սակայն աուտսորսինգային Portico ընկերության աշխատակիցը նրան հայտնել է, որ նա չի կարող անցնել իր պարտականությունների կատարմանը իր արտաքինի անհամապատասխանության պատճառով: Portico-ում պահանջել են, որ նա բարձրակրունկ կոշիկներ հագնի` հինգից տասը սմ կրունկով:   

Տորպը պատասխանել է, որ չի կարողանա ամբողջ օրը նման բարձր կրունկների վրա աշխատել, ինչպես նաեւ հետաքրքրվել է, թե արդյոք ընկերությունը նման պահանջներ է ներկայացնում տղամարդ աշխատակիցներին: Portico-ի ներկայացուցիչն ի պատասխան ծիծաղել է եւ նրան առանց վճարելու տուն է ուղարկել:   

Աղջիկը դա համարել է սեռական խտրականություն: Նա միջադեպի մասին գրել է Ֆեյսբուքում, որտեղ նրան աջակցել են այլ կանայք, որոնք համանման խնդրի էին բախվել:   

Բրիտանական օրենքների համաձայն, ընկերություններն իրավունք ունեն տղամարդկանց եւ կանանց համար դրես կոդի տարբեր կանոններ մշակել: Փաստացիորեն Portico-ում գործել են օրենքի շրջանակում: Տորպը պահանջագիր է հրապարակել, որը կոչ է անում փոխել օրենսդրությունը, որպեսզի ընկերությունները չկարողանան կանանց ստիպել աշխատանքի գնալ բարձրակրունկ կոշիկներով: Պահանջագիրն ավելի   քան 50 հազար մարդ է ստորագրել եւ կառավարությունը պարտավոր է արձագանքել դրան: 

Portico-ի վրա ճնշում է գործադրել նաեւ PriceWaterhouseCoopers-ը: Աուդիտորական ընկերությունից հայտնել են, որ կապ չունեն դրես-կոդի պահանջների հետ: