«Ճանաչե՞լ, թե՞ չճանաչել Լեռնային Ղարաբաղը», նման խորագրով այսօր՝ սեպտեմբերի 30-ին կայացել են Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած քննարկումները: Քննարկման գրեթե բոլոր մասնակիցները՝ հիմնականում Կենտրոնի փորձագետներ եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ, հանդես են եկել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման օգտին, որպես խնդրի կարգավորման միակ ճիշտ լուծում:

ՌԱՀՀԿ փորձագետ Մանվել Սարգսյանը, մասնավորապես կոչ է արել, այդ իմաստով, օրինակ վերցնել Թուրքիայից եւ Ռուսաստանից, որոնք ճանաչել են Հյուսիսային ԿԻպրոսի, ինչպես նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: «Ի՞նչ կտա դա: Միանգամից կփոխի բանակցությունների իմաստը: Այսինքն, եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, նրա կարգավիճակի հարցը կդադարի լինել բանակությունների առանցքային խնդիր»,- մանրամասնել է փորձագետը: Նա նշել է նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն ու դրա ռազմավարությունը հակասում են պաշտոնական Երեւանի հայտարարություններին:

«ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում Լեռնային Ղարաբաղը հանդես չի գալիս որպես լիարժեք կողմ: Երկրորդ, ՄԽ ռազմավարությունը հանգում է նրան, որ Ղարաբաղի վերջնական կարգավորումը պետք է հստակեցվի իր շրջանակներում: Իսկ պաշտոնական Երեւանը մշտապես հայտարարում է, որ ԼՂՀ կարգավիճակը քննարկման առարկա չէ հայկական կողմի համար, քանի որ ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ադրբեջանն էլ նշում է, որ կարգավիճակը կարող է որոշվել միայն իր տարածքային ամբողջականության շրջանակներում: Այդուհանդերձ բանակցությունները շարունակվում են, եւ ակնհայտ է, որ ոչ մի արդյունք չեն տալու», ամփոփել է Սարգսյանը:

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը մշակել եւ Ազգային Ժողովին է ներկայացրել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը, սակայն խորհրդարանական գրեթե բոլոր ուժերը դեմ են արտահայտվում օրինագծին: