Հայաստանը կարեւորում է Շվեյցարիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը, մասնավորապես միջազգային տարբեր խնդիրների լուծման հարցերում Շվեյցարիայի միջնորդական դերակատարությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` սեպտեմբերի 29-ին Շվեյցարիայի նորընտիր փոխնախագահ, ԱԳ նախարար տիկին Միշլին Կալմի-Ռեյի հետ հանդիպման ժամանակ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Շվեյցարիայի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացմանն ուղղված հայկական կողմի նախաձեռնությանը :
Նրա խոսքով, պայմանավորվածություն է եղել հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, սակայն թուրքական կողմը առաջ է քաշել մի շարք նախապայմաններ, որոնք անընդունելի են հայկական կողմի համար: ԱԺ նախագահը նշել է, որ հաշվի առնելով Թուրքիայի խորհրդարանում ողջամիտ ժամկետներում արձանագրությունների վավերացման ուղղությամբ անհարկի ձգձգումները` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հետ է կանչել արձանագրությունները Հայաստանի խորհրդարանի օրակարգից` պահպանելով սակայն արձանագրությունների տակ դրված հայկական կողմի ստորագրությունը եւ դրանով իսկ հարգելով միջնորդների բարձր հեղինակությունը:
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարի համոզմամբ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող կիսատ մնալ. այժմ ընթանում են ակտիվ խորհրդակցություններ երկու կողմերի հետ, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվեն գործընթացը շարունակելու համար: «Շվեյցարիան վճռական է գործընթացը առաջ մղելու հարցում»,- եզրափակել է տիկին Կալմի-Ռեյը: Նա բարձր է գհահատել Սերժ Սարգսյանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլը` այն համարելով քաղաքական խիզախություն:
ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության հիմնումը, ինչը նոր լիցք կհաղորդի Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ բազմակողմ հարաբերությունների եւ համագործակցության զարգացմանը:
Հիշեցնենք, որ Շվեյցարիա մեկնած հայկական պատվիրակության կազմում են ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը եւ Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շարլ Ազնավուրը:




























