Հայ անվանի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնումն ավարտված է, եւ այն այժմ գտնվում է նկարչի

Ջաջուռում գտնվող տուն-թանգարանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը եւ իտալացի վերականգնողներ Ֆաբրիցիո Յակոպինին ու Լորենցո Կասամենտին։ Նկարչի որմնանկարը օրեր առաջ էր տեղափոխվել Ջաջուռ, որտեղ եւ իրականացվել է վերականգնողական աշխատանքների վերջին փուլը։ Երեկ արդեն վերջնական վերականգնված տեսքով որմնանկարը փակցրել են տուն-թանգարանի պատին։

Ինչպես վերականգնողներն են նշում, վերականգողական աշխատանքների ժամանակ հիմնական բարդությունը առաջացել է որմնանկարը պատից պոկելիս, իսկ հետո որոշակի խնդիրներ են եղել կապված գույների ճիշտ կոնտրաաստ ստանալու հետ։

Մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանն ասում է, որ հաջորդ տարվա գարնանը նախատեսված է վերականգնել Մինասի Կաքավաբերդում գտնվող «Արմենիա» որմնանկարը։

Ներկա պահին վերականգնման կարիք ունեն նաեւ Մինաս Ավետիսյանի 8 այլ աշխատանքներ։

Նշենք, որ «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը ստեղծվել է 1973 թվականին եւ երկար ժամանակ գտնվել է Գյումրու հաստոցաշինական գործարաներից մեկում։

Սոնա Հարությունյանի հաղորդմամբ, այս որմնանկարը վերականգնելու համար ՀՀ մշակույթի նախարարությունը ծախսել է 10 մլն դրամ։

Որմնանկարի վերականգնողական աշխատանքների մասին նկարահանվել է փաստագրական ֆիլմ, որի շնորհանդեսը կլինի հոկտեմբերի սկզբին՝ Գյումրիում, հետո Երեւանում, այնուհետեւ կցուցադրվի Մոսկվայում՝ Մինաս Ավետիսյանի հոբելյանական ցուցահանդեսի բացմանը։

Մինաս Ավետիսյանը ապրել եւ ստեղծագործել է 1928-1975 թվականը։ 1960-1975 թթ. ընթացքում ստեղծել է 500 մեծ ու փոքր կտավներ, 20 մեծ որմնանկար, տասնյակից ավելի թատերական ներկայացումների դեկորացիաներ։ Մինաս Ավետիսյանը ձեւավորել է Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմականացված երեք բալետ–նովել՝ «Տիկնիկների աշխարհում», «Իսպանուհին. բոլերո», «Նեգրական թաղամաս» , իսկ 1971-ին ձեւավորել է Ա. Սպենդարյանի «Ալմաստ»-ը, 1974–ին՝ Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը։