Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում նշել են Արցախի անկախության տոնը:

Միջոցառումը կազմակերպվել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնի նախաձեռնությամբ:

Իր ելույթում կոնգրեսականը ընդգծել է, թե արցախյան իր այցելությունների ընթացքում համոզվել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եւ իշխանությունները հետեւողականորեն ընթանում են ժողովրդավարության ճանապարհով:

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն իր հերթին նշել է, թե ԱՄՆ-ի կողմից նման ընդունելությունը Արցախի ժողովրդի համար անակնկալ չէ: «Միացյլալ Նահանգներն այն երկիրն է, որ դեռեւս Խորհրդային Միության տարիներին ղարաբաղյան հարցը կապում էր նրա ժողովրդի կամքի ազատ արտահայտման հիման վրա լուծման հետ եւ խորհրդային կառավարությանը հորդորում զերծ մնալ բռնություններից»,- նշել է Ղուլյանը:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանն իր հերթին քննադատել է Ադրբեջանի կողմից պատերազմ հրահրելու փորձերը` հայտարարելով, որ տնտեսական շրջափակման միջոցով Հայաստանի եւ Արցախի ժողովուրդներին ծնկի բերելու քաղաքականությունը չի հաջողվի, քանի որ «ազատությունը վաճառքի չի հանվում»:

Նշենք, որ միջոցառումն անցկացվել է Կոնգրեսի շենքի առջեւ մի խումբ ադրբեջանցիների բողոքի գործողության պայմաններում: Ցուցապաստառներով ադրբեջանցի երիտասարդների այս ակցիան, Կոնգրեսի անվտանգության ուժերի պահանջով տեղափոխվել է շենքի մուտքից հեռու: