Սեպտեմբերի 29-ին Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայում հանդիպել է այդ երկրի Ազգային խորհրդի նախագահ տիկին Պասկալ Բրուդերեր Ուիսի հետ:

ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը նշել է, որ  ուրախ է հյուրընկալվել մի երկրում, որը, գտնվելով Եվրոպայի սրտում, հավասարակշռության յուրատեսակ խորհրդանիշ է ոչ միայն Եվրոպայում, այլեւ ողջ աշխարհում: Շվեյցարիան  իր չեզոք, անկողմնակալ քաղաքականության շնորհիվ  միշտ գտնվում է համաշխարհային գործընթացների կենտրոնում: Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ինքը եկել է մի տարածաշրջանից, որտեղ նման հավասարակշիռ ու չափավոր պահվածքի անհրաժեշտություն կա, որտեղ, ցավոք, հանդուրժողականության պակաս է զգացվում:

ԱԺ նախագահը շեշտել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում  եվրաինտեգրումն առաջնահերթություններից է եւ գիտակցում են, թե ինչ մարտահրավերներ են կանգնած Հայաստանի առջեւ, որոնց դիմագրավելու հարցում ժողովրդավարությունն ամենաուժեղ  զենքն է` հատկապես հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը եւ տարածաշրջանում առկա խնդիրները: Հովիկ Աբրահամյանն իր երախտագիտությունն է հայտնել Շվեյցարիայի խորհրդարանի կողմից 2003թ. դեկտեմբերին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, նշելով` պատահական չէ, որ մարդկության դեմ ոճրագործությունների, ներառյալ ցեղասպանությունների ուրացումը Շվեյցարիայում հետապնդվում է օրենքով:

Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը նշել է, որ Շվեյցարիայի իշխանությունները եւ ժողովուրդը կարեւորում են Հայաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումը եւ խորացումը: Նա շեշտել է, որ Շվեյցարիան շահագրգիռ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում եւ կանի հնարավորը, որպեսզի  գործընթացը շարունակվի : Տիկին Ուիսը կարեւոր է համարել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ Հայաստանը եւս ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է միայն Մինսկի խմբի ձեւաչափում, իսկ Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունները եւ հրադադարի խախտումները չեն նպաստում հարցի կարգավորմանը եւ բանակցային գործընթացին

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը, քանի որ բոլոր նախադրյալները կան զարգացնելու փոխգործակցությունը նաեւ այս ոլորտում: 

ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը շրջայց է կատարել Շվեյցարիայի խորհրդարանի շենքում, մասնակցել երկու պալատների նիստերին, արժանացել ջերմ ընդունելության: Հովիկ Աբրահամյանը գրառումներ է կատարել պատվավոր հյուրերի գրքում :

Հիշեցնենք, որ Շվեյցարիա մեկնած հայկական պատվիրակության կազմում են ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը եւ  Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շարլ Ազնավուրը: