Ամերիկյան Մինեսոթա նահանգի շրջանային դատարանը թեքսասցի գործարար Չերնո Նջիեին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման աֆրիկյան Գամբիա երկրում հեղաշրջում կազմակերպելու փորձի համար, հայտնում է Reuters–ը:
ԱՄՆ եւս երկու քաղաքացիներ, որոնք ծնունդով Գամբիայից են, դատապարտվել են վեց ամսվա ազատազրկման, գործի մեկ ֆիգուրանտի դեպքում պատիժը սահմանափակվել է դատավարության ավարտին սպասելիս կալանավայրում գտնվելու ժամանակով:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում էր, որ դատավճիռն ավելի խիստ լինի, միևնույն ժամանակ մեղադրական կողմը նշում էր, որ դատապարտյալները ուզում էին տապալել ռեժիմը, որն իրենք անմարդկային էին համարում: Ընդ որում դատարանը հաշվի է առել, որ բոլոր երեքն էլ ծառայել են ամերիկյան բանակում, նրանցից մեկն էլ՝ Պապե Ֆաալուն մասնակցել է Աֆղանստանի գործողություններին:
Դատապարտյալները ընդունել են իրենց մեղավորությունը:
2014-ի դեկտեմբերի 30-ին Գամբիայի մայրաքաղաք Բանժուլում զինված մարդիկ, որոնցից մի քանիսը ծառայում էին նախագահական գվարդիայում, հարձակվել էին պետության ղեկավարի պալատի վրա: Հարձակվողներին այնտեղից դուրս է մղել նստավայրի պահակախումբը: Գրոհի պահին նախագահ Յանա Ջամմեն արտասահմանում էր:
Հարձակման անհաջող փորձից հետո Պաապե Ֆաալը նավով փախել է հարեւան Սենեգալ, որտեղ եկել է ԱՄՆ դեսպանատուն: Այնտեղ նա ՀԴԲ աշխատակիցներին թույլ է տվել խուզարկել իր տունը Մինեսոթայում: Չեռնո Նձիեն հայտնվել է իրավապահների տեսադաշտում այն բանից հետո, երբ Ֆաալը նրան անվանել է դավադրության կազմակերպիչներից ու ֆինանսավորողներից մեկը: Օսթին քաղաքի բնակչին կալանավորել են, երբ նա Սենեգալից ժամանել է Վաշինգթոն: 2015-ի հունվարին մեղադրանք է ներկայացվել Թենեսիի բնակիչ Էլեջի Բերոուին:
Գամբիայի գործող առաջնորդ Յայա Ջամմեն իշխանությունը զավթել էր 20 տարի առաջ՝ պետական հեղաշրջման հետեւանքով:



























