Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետնախարար Արլեմ Դեզիրի հետ եւ նրա հետ քննարկել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ արվեց ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացման եւ խաղաղ գործընթացը վերականգնելուն ուղղված քայլերին։ Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծեցին, որ եռանախագահ երկրների կողմից առաջարկվող Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպման գլխավոր նպատակն է 1994թ. համաձայնագրով հաստատված զինադադարի ամրապնդումը, բանակցությունների վերսկսման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծման համար վստահության ամրապնդման միջոցների ներդրումը։

Նախարար Նալբանդյանը եւ պետքարտուղար Դեզիրը քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, ինչպես նաեւ՝ ՀՀ եւ ԵՄ միջեւ նոր իրավական հիմք ձեւավորելու շուրջ ընթացող բանակցային գործընթացը:

Նախարար Նալբանդյանը կարեւորեց առկա ձեռքբերումների հիման վրա մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ԵՄ տարբեր ոլորտային ծրագրերում Հայաստանի մասնակցությունը:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ։