Հայաստանում ներկայումս իրականացվում է տրանսֆորմացիոն հեղափոխության գործընթաց, որի արդյունքում հաջորդ խորհրդարանը բոլորովին այլ պատկեր է ունենալու: Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով՝ արեւմուտքի կողմից իրականացվող այդ ծրագրի նպատակը օլիգարխներից զերծ խորհրդարան ձեւավորելն է:
«Քանի որ այդ գործընթացն ընթացքի մեջ է, ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե որ փուլում է այդ տրանսֆորմացիան: Իսկ այն օլիգարխները, որոնք երազում են ապագա խորհրդարանում հայտնվելու մասին, նրանք կարող են եւ հայտնվել բանտում»,-նկատեց Մանուչարյանը: Ըստ նրա՝ Արեւմուտքը հաջորդ խորհրդարանի միջոցով Հայաստանում ունենալու է շատ ավելի ուժեղ դիրքեր եւ հնարավոր է, որ դրանից հետո Հայաստանում զարգացումներն ընթանան վրացական տարբերակով՝ լինի իշխանափոխություն:
Նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամն անդրադարձավ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գրոհին, որը, նրա դիտարկմամբ, կարող է թելադրված լինել նաեւ դրսից: «Նույնիսկ եթե այդ գործընթացը ներքին որոշումներով է, ապա իմացեք, որ դրանում հաստատ ներկա է արտաքին գործոնը: Ես նկատի չունեմ միայն Ռուսաստանին: Այն կարող է ներգրավված լինել այդ գործընթացում՝ Ծառուկյանին բարձրացնելու, իսկ ԱՄՆ-ը՝ իջեցնելու նպատակով»,-նկատեց Մանուչարյանը: Ըստ նրա, եթե Գագիկ Ծառուկյանն իր ստեղծած կառույցով՝ ԲՀԿ-ով մտնի Հայաստանում այժմ ընթացող տրանսֆորմացիոն գործընթացների մեջ, «կարող է լինել կա՜մ պահի հերթական հերոսը, կա՜մ էլ պահի մատաղացուն: «Սակայն դա որոշելու է մեզանից դուրս գտնվող համակարգը»,-նկատեց Մանուչարյանը:




























