Օգոստոսի 31-ին ժամը 10-17-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կբացվի սգո մատյան, որտեղ գրառումներ կարող են կատարել բոլոր ցանկացողները` ամերիկյան սենատոր Էդվարդ Քենեդիի մահվան կապակցությամբ:
Հիշեցնենք, որ 77-ամյա դեմոկրատ սենատոր Էդվարդ Քենեդին մահացել է օգոստոսի 26-ին: Նա 1963 թվականին սպանված ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի եւ 1968 թվականին սպանված սենատոր Ռոբերտ Քենեդիի կրտսեր եղբայրն է: Դրանից մոտ երկու շաբաթ առաջ էլ մահացել էր Քենեդիի քույրը` Ունիս Քենեդի Շրիվերը, ով Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի զոքանչն էր:
NEWS.am-ի հետ զրույցում Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ ԼՂՀ-ի ներկայացուցիչ Արփի Վարդանյանը նշել էր, որ Մասաչուսեթս նահանգը ներկայացնող Էդվարդ Քենեդին ԱՄՆ հայ համայնքի մեծ բարեկամն էր: Նրա խոսքով, Քենեդիների ընտանիքը, հատկապես Էդվարդ Քենեդին մշտապես տարբեր հարցերով օգնել ու օժանդակել է ԱՄՆ-ում ապրող հայերին: Նա միշտ պաշտպանել է հայերի ցեղասպանության ճանաչմանը վերաբերող օրինագծերը, ինչպես նաեւ այլ հայամետ նախաձեռնություններ:
Էդվարդ Քենեդին 1962 թվականից ի վեր անփոփոխ ընտրվել է ԱՄՆ սենատում եւ իր մահվան պահին էլ Սենատի առողջապահության եւ կրթության հանձնաժողովի անդամ էր: Անցած տարի Քենեդին վիրահատվել էր. Նրա ուղեղից ուռուցք էին հեռացրել:



















