Հարավային Կովկասում եւ մասնավորապես Հայաստանում Ռուսաստանի անվերապահ ազդեցության մասին խոսակցությունները չափազանցված են, այդ ազդեցությունը միայն առերեւույթ է: Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ նախագահի անվտանգության հարցերով նախկին գլխավոր խորհրդական Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով, իրականում Ռուսաստանը Հայաստանում իր ունեցած ազդեցության առումով պարտվում է ԱՄՆ-ին, քանի որ Նահանգները տիրապետում է աշխարհում ամենաբարձր քաղաքական տեխնոլոգիաներին եւ նրբորեն իրականացնում դրանք:
Ղարաբաղ կոմիտեի անդամի խոսքով՝ ԱՄՆ-ը Հայաստանում գործում է հետեւյալ կերպ՝ հայտնաբերում է փոփոխություններ ու բարեփոխումներ անցկացնելուն կողմ մարդկանց եւ նրանց միջոցով փորձում իրականացնել «հեղափոխական տրանսֆորմացիա»: «ԱՄՆ-ը դա անում է, անշուշտ, իր շահի, ոչ թե Հայաստանի ապագայի համար: Ուստի շատ կարեւոր է, որ մեր ճակատագիրը ինքներս տնօրինենք»,-նկատեց նա:
Հարցին, թե, արդյոք, Ռուսաստանի՝ ԱՄՆ-ին պարտվելու պատճառն այն է, որ Ռուսաստանը հովանավորում է Հայաստանի ներկայիս օլիգարխիկ համակարգի՞ն, բանախոսը պատասխանեց. «Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանն այս տարածաշրջանում հայտնվեց «մալչիկ դլյա բիտյա»-ի կարգավիճակում: «Ռուսաստանը դմբո է այդ հարցերում եւ ինչ անում է, արջի շարժում է ստացվում եւ դուրս է գալիս իր դեմ»,- ասաց նա:
Օրինակ, ըստ Մանուչարյանի, 2008 թվականի մարտի 1-ի բախումից շահեց միմիայն Արեւմուտքը, մինչդեռ մարտի 1-ի պատասխանատուն համարվում է Ռուսաստանը: «Նույնը տեղի ունեցավ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ռուսաստանը համոզված էր, որ 100 տոկոսով պռոռուսական խորհրդարան է ձեւավորում, բայց իրականում ստացվեց ճիշտ հակառակ պատկերը եւ այժմ չկա գեթ մեկ պատգամավոր, որն ասենք, երբ նախագահի աշխատակազմը հարց բերի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին, ոտքի կկանգնի եւ դեմ կարտահայտվի, ասելով, որ դա դեմ է մեր ռազմավարական դաշնակցի շահին»: Օրինակների շարքում Մանուչարյանը նշեց նաեւ օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությունը, որի պատճառով Ռուսաստանը «հերթական ապտակը ստացավ Հայաստանի հասարակությունից»: Այս ամենի հանրագումարը բերում է նրան, որ այսօր Հայաստանում 30 տարեկանից ցածր մարդիկ հակակրում ու ատում են Ռուսաստանին, լավագույն դեպքում՝ անտարբեր են: «Այս ամենը Ռուսաստանի անգրագիտության հետեւանք է, մինչդեռ Արեւմուտքը նուրբ է գործում»,-նկատեց բանախոսը:



























