ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հնարավոր է, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նոր թեկնածու ներկայացնի: Նման տեսակետ է հայտնել «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանն իր հոդվածում: Ստորեւ ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Մեթյու Բրայզան Սպիտակ տան եւ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հավաստիանալով, որ լինելու ԱՄՆ հաջորդ դեսպանն Ադրբեջանում, արդեն Վաշինգտոնի իր տունը վարձով էր տվել ու կապել ճամպրուկները: Բայց նա կարծես մոռացել էր, որ Արցախյան հակամարտության գծով ԱՄՆ միջնորդ եղած ժամանակ իր անպատասխանատու հայտարարություններով ու գործունեությամբ հակադրվել էր Վաշինգտոնի իր որոշ գործընկերներին ու այլոց Կովկասում:

Ավելի քան մեկ տարի առաջ, երբ Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր էր մնացել, Վաշինգտոնում Բրայզան հանդգնաբար բոլորին ասում էր, որ ուզում է, ավելի շուտ պատրաստվում է դառնալ ԱՄՆ հաջորդ դեսպանն Ադրբեջանում: Նա անմիջապես խոչընդոտի բախվեց, երբ Ալիեւը Սպիտակ տանը տեղեկացրեց, որ գոհ չէ թե` Օբամայի վարչակազմի` Կովկասում վարած քաղաքականությունից, թե` ինքնակոչ հրաշամանուկից:
Ադրբեջանը դժգոհ էր, քանի որ, նախ` Միացյալ Նահանգները եւ Բրայզան Թուրքիային դրդում էին բացել Հայաստանի հետ սահմանը` առանց Արցախյան հակամարտության մեջ որեւէ առաջընթացի, երկրորդ` Կոնգրեսը եւս 10 մլն դոլար էր հատկացրել Արցախին, չնայած Բաքվի խիստ առարկություններին, եւ երրորդ` Հայաստանի նախագահը հրավիրվել էր Վաշինգտոնում կայացած 47 երկրների Միջուկային անվտանգության գագաթաժողովին, իսկ Ալիեւը` ոչ:

Բրայզան հակառակորդներ ուներ նաեւ Օբամայի վարչակազմում: Մի քանի ամիս Բրայզայի թեկնածության շուրջ Վաշինգտոնի պաշտոնյաների շրջանում տեղի ունեցած ներքին վեճերից հետո, մայիսին Օբաման վերջապես նրա անունը ներկայացրեց Սենատին որպես ԱՄՆ հաջորդ դեսպան Ադրբեջանում: Կարճ ժամանակ անց Օբաման Բաքու գործուղեց կաբինետի երկու բարձրաստիճան պաշտոնյաների` պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` Ալիեւին համոզելու եւ Բրայզայի առնչությամբ անհրաժեշտ հավաստիացումներ տալու համար:

Հուլիսին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Բրայզայի թեկնածության վերաբերյալ լսումների ընթացքում որոշ սենատորներ սուր հարցեր ուղղեցին նրան` Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդ աշխատած ժամանակ նրա հայտարարությունների ու գործունեության վերաբերյալ: Նրանք լուրջ խնդիրներ առաջ քաշեցին նաեւ շահերի հնարավոր բախման վերաբերյալ` կապված նրա կնոջ եւ նվերների հետ, որոնք հարսանիքի առիթով զույգը հավանաբար ստացել էր Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից: Սենատորներ Բարբարա Բոքսերը, Ռոբերտ Մենենդեսը, Ռաս Ֆայնգոլդը, Հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին եւ դեմոկրատների մեծամասնության ղեկավար Հարի Ռիդը բավարարված չէին Բրայզայի թերի եւ խուսափողական պատասխաններից, չնայած բազմաթիվ գրավոր հարցումներին: Դա ոչ մի լավ բան չէր խոստանում նրա դիվանագիտական փառասիրությանը, քանի որ հինգ սենատորներն էլ դեմոկրատներ են, որոնք սովորաբար սատարում են դեմոկրատ Նախագահի կողմից առաջարկված ցանկացած թեկնածուի:

Օգոստոսի սկզբին, սենատոր Բոքսերը` հիասթափված Բրայզայի անկատար պատասխաններից, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին խնդրեց հետաձգել նրա թեկնածության քվեարկությունը: Վեցշաբաթյա հետաձգումից հետո, երբ սեպտեմբերի 21-ին Հանձնաժողովի անդամների մեծամասնությունը հաստատեց Բրայզայի թեկնածությունը, սենատորներ Բոքսերին ու Մենենդեսին այլ բան չէր մնում անելու, քան «առկախում» դնել` կանխելու Սենատի լիագումար նիստին նրա թեկնածության վավերացումը: Լուրջ մտահոգություններ արտահայտելով այս վիճելի թեկնածուի արժանիքների առնչությամբ, երկու սենատորները դիմեցին կրկնակի «առկախում» դնելու հազվադեպ պրակտիկային` սառեցնելով նրա թեկնածության հաստատումն ամենաուշը մինչեւ հաջորդ տարվա հունվար, երբ նոր ընտրված Սենատը կսկսի իր նստաշրջանը: Հետագայում Օբաման պետք է որոշի կամ կրկին ներկայացնել Բրայզայի անունը կամ նոր թեկնածու առաջադրել:

Նախագահը մինչեւ հունվար «միջնստաշրջանային նշանակում» կատարելու հնարավորությունն ունի: Նա կարող է Բրայզային Ադրբեջանում դեսպան նշանակել առանց Սենատի հաստատման, երբ Սենատը գտնվում է արձակուրդում: Սակայն այս բացառիկ քայլը քիչ հավանականություն ունի, քանի որ երկու անպատեհություններ կան, նախ` այն կխոչընդոտի Բրայզայի դիվանագիտական պարտականությունների կատարմանը, որովհետեւ նա չի վայելի ԱՄՆ Սենատի վստահությունը, եւ երկրորդ` Նախագահի ու սենատորների միջեւ լուրջ հակադրություն կստեղծվի, քանի որ վերջինները կզրկվեն «խորհուրդ եւ հավանություն տալու» իրենց սահմանադրական լիազորությունից:

Օբամայի համար լավագույն տարբերակը Բրայզայի թերի թեկնածությունից հրաժարվելն ու ավելի հարմար թեկնածու առաջադրելն է, որը կարող է շուտով հաստատվել Սենատի կողմից: Նման քայլով կարագանա Ադրբեջան ԱՄՆ հաջորդ դեսպանի գործուղումը` 15-ամսյա բացակայությունից հետո: Իսկ հունվարին` Նախագահի կողմից Բրայզայի թեկնածության երկրորդ անգամ առաջադրումը կհետաձգի Ադրբեջանի դեսպանի նշանակումը եւս մի քանի ամսով:

Տեսնելով, որ իր հրաշամանուկը լուրջ դժվարությունների մեջ է, Wall Street Journal թերթը` նեոպահպանողականների եւ նավթի ու գազի լոբբիների պատվարը, Հանձնաժողովի քվեարկության նախօրեին մի չարամիտ խմբագրական հրապարակեց սենատոր Բոքսերի եւ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի դեմ` փորձելով վախեցնել Բրայզայի հակառակորդներին: Իսկ «առկախում» դնելուց հետո Washington Post թերթն ավելի նողկալի խմբագրական հրապարակեց ընդդեմ սենատորներ Բոքսերի ու Մենենդեսի եւ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի:

Այս լկտի հարձակումները ճիշտ հակառակ ազդեցությունն ունեցան. դրանք ակամա նպաստեցին բարձրացնելու Հայ Դատի հանձնախմբի եւ Ամերիկայի հայ համայնքի քաղաքական ազդեցությանը Վաշինգտոնում:
 
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր