«Հայաստանի բնապատմական միջավայրի պաշտպանություն» նախաձեռնող խումբը սեպտեմբերի 19-ին եռօրյա այցով եղել է Խոսրովի արգելոցում եւ ականատես եղել ինչպես արգելոցի բնապահպանական, այնպես էլ դրա տարածքում գտնվող բազմաթիվ հուշակոթողների անմխիթար վիճակին։ Սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց նախաձեռնող խմբի ղեկավար Վահագն Փիլիպոսյանը։
Նրա խոսքով, արշավաշումբը եղել է արգելոցի տարածքում գտնվող մի շարք վանական համալիրներում՝ Հավուց Թառում, Աղջոց վանքում, եւ ականատես եղել սրբավայրերի պղծված եւ անմխիթար վիճակին։
«Ահավոր տեսարան էր հատկապես Հավուց Թառում։ Մենք 1-2 ամիս առաջ մեր ուժերով բարեկարգել էինք վանքը, այն լավ վիճակում է գտնվում։ Եկեղեցու ներսում խորոված էին արել, ամենուրեք տաք, հենց նոր մարած մոխիր էր, խորանում ալկոհոլի կիսադատարկ շշեր, կեղտոտ սպասք էր մնացել։ Փորձեցինք մեր ուժերով մաքրել եկեղեցին, բայց դա իրական խայտառակություն էր։ Եթե ուզում ենք մեր այսօրվա հաարակության իրական դեմքը տեսնել, պետք է գնալ Հավուց Թառ վանք»,- նշեց նախաձեռնող խմբի ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ այնուհետ ուղեւորվել են քիչ հեռու գտնվող Աղջոց վանքը։ «Ոչ այդքան կեղտոտ, սակայն փլուզման եզրին գտնվող եկեղեցի էր։ Սա էլ Հավուց Թառի նման քայքայման եզրին էր»,- տեղեկացրեց Վահագն Փիլիպոսյանը։
Նա նաեւ նշեց, որ արշավախումբը եղել է Կաքավաբերդ ամրոցում, որի հարակից ձորում, ի զարմանս բոլորի, վայրի քարայծեր են եղել։ «Ճիշտն ասած չէինք սպասում, որ Խոսրովի անտառում քարայծեր մնացած կլինեն, ուրախացանք, բայց ուրախությունը կարճ տեւեց, որովհետեւ արշավախմբի անդամները հանկարծ կրակոցների ձայներ լսեցին։ Դա դժվար թե թռչնաորս լիներ, Կաքավաբերդը միակ տեղն է, ուր վայրի քարայծեր կան, եւ որսորդները դժվար թե այդքան բարդ տեղանքում թռչնի որսի եկած լինեին»,- եզրակացրեց նա։
Ասուլիսին ներկա բնապահպան Մարիամ Սուխուդյանն էլ նշեց, որ Խոսրովի արգելոցի սրտում՝ 200 հա հողատարածքի վրա, ռեստորանային համալիր է կառուցվում։ «Դա հասարակաց տան նախադրյալներով շինություն է, որը մեծ հաշվով նախատեսված է տեղում որսամիս համտեսելու համար։ Այդ տարածքը վարձակալության հիմունքներով, 60 տարի ժամկետով տրվել է ինչ-որ ՍՊԸ-ի»,- տեղեկացրեց նա՝ հավելելով, որ փաստի մասին իրենք արդեն իսկ տեղյակ են պահել կառավարությանը։ «Բայց եթե կառավարությունը լռի, մենք կդիմենք միջազգային կառույցներին, որոնք նույն այդ կառավարությանը գումարներ են տրամադրում աշխարհի մշակութային ժառանգության մի մասը կազմող Խոսրովի անտառի պահպանության համար»,- ընդգծեց բնապահպանը՝ տեղեկացնելով, որ Խոսրովի արգելոցի մուտքը այսուհետ 3-5 հազար դրամ է դառնալու։ «Մենք դրա համար ուրախ կլինենք միայն այն ժամանակ, երբ տեսնենք, թե ուր են գնում այդ գումարները, թափանցի՞կ են, արդյոք, ծախսվում դրանք»։
Ամփոփելով՝ Սուխուդյանը նկատեց, որ կամավորները Խոսրովի արգելոցը շահագործողների սեւ ցուցակում են հայտնվել։



























