2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ողջ ամառվա ընթացքում նիստեր չի գումարել քվորումի բացակայության պատճառով: Այսօր հանձնաժողվի նիստի սկզբում հայտարարեց հանձնաժողվի նախագահ Սամվել Նիկոյանը, բայց նշեց, որ այդ ընթացքում եղել են աշխատանքային քննարկումներ:

Նիկոյանը նաեւ հայտնեց, որ իրենք 2008թ. մարտի 1-ից շուրջ մեկուկես տարի անց հարցադրումներ են ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն, բայց ԱԱԾ պատասխաններն իրեն չի բավարարում: «Նյութ չունենալը եւս մեզ համար պատասխան է»,- ԱԱԾ-ի պահվածքին փիլիսոփայորեն մոտեցավ հանձնաժողովի նախագահը:

Ի դեպ, ժամանակավոր հանձնաժողովն ամռան ընթացքում աշխատանքային խումբ է ստեծել՝ Նաիրա Զոհրաբյան, Արամ Սաֆարյան կազմով, որոնք պատրաստելու են ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցի՝ 2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական փուլի եւ մինչեւ մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի գնահատականներով: Արամ Սաֆարյանն էլ ելույթ ունեցավ եւ հայտարարեց, թե իրենց գնահատականներում հենվելու են եվրոպական դիտորդական կառույցների գնահատականների վրա: Դիտորդները, ի դեպ, եվրոպական չափանիշներին համապատասխանող էին գնահատել ընտրությունները: «Այդ եզրակացությունների տրամաբանությունից մենք կարող ենք կռահել, թե ինչ փաստաթուղթ է լինելու»,- բազմանշանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, որը քիչ անց լքեց հանձնաժողովի նիստը: «Կարծում եմ՝ ընդդիմության մի մասը դժգոհ է մնալու այդ փաստաթղթից»,- իր հերթին նկատեց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Վերջինս նաեւ հանձնաժողովի ադանմենրին կոչ արեց վաղվանից ծանոթանան փաստաթսղթին եւ ներկայացնեն իրենց տեսակետները:

Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին ոստիկանությունը ցրեց Ազատության հրապարակում 10 օր խաղաղ ցույց անող ընդդիմության ակտիվիստներին, իսկ երեկոյան արդեն զենք կիրառվեց ցուցարարների նկատմամբ, ինչի արդյունքնում զոհվեց 10 հոգի: Ստեղշված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը առաջիկայում Ազգային ժողվի դատին է ներկայացնելու իր վերջնական զեկույցը, որում, սակայն, այդպես էլ վեր չեն հանվել զոհերի մահվան հանգամանքները: