Թեեւ Երեւանի մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը Գերմանիայում բուժվում է, սակայն Հայաստանում նրան  պարբերաբար պաշտոնի են նշանակում: Հիշեցնենք, որ նա օրերս ռեկտորի պաշտոնից ազատվել ու նշանակվել էր Կրթության եւ գիտության նախարարի խորհրդական: Հիմա էլ լուրեր են շրջանառվում, որ Ղուկասյանին նշանակելու են Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնին: Նշենք, որ ԲՈՀ-ը ղեկավարում էր Արմեն Թռչունյանը, ով օրեր առաջ շատերի համար անսպասելի հրաժարականի դիմում է գրել:

NEWS.am-ի թղթակիցը Արտյուշա Ղուկասյանից փորձել է պարզել, թե, արդյոք,  ԲՈՀ-ը ղեկավարելու առաջարկ ստացե՞լ է, ինչին նախկին ռեկտորը պատասխանել է, թե ոչ մի բանից տեղյակ չէ եւ իրեն որեւէ մեկը որեւէ բան չի ասել:  Անգամ  Թռչունյանի հրաժարականի մասին լսելիս, զարմանքով արձագանքել է. «Ինչու Թռչունյանը հրաժարակա՞ն է տվել, ինչի պետք է տեղյակ լինեի, դա իմ ինչին էր պետք: Թռչունյանին ես ճանաչում էի, շատ լավ աշխատող էր: Ոչ մեկն ինձ պաշտոնական առաջարկություն չի կարող անել, որովհետեւ  ես դեռ չեմ եկել Հայաստան»:

Դիտարկմանը, թե ինքը Հայաստանում չէր նաեւ այն ժամանակ, երբ ազատվեց ռեկտորի պաշտոնից ու նշանակվեց նախարարի խորհրդական, Ղուկասյանն արձագանքել է. «Այո, էդ կա, բայց ուրիշ պաշտոնից ես տեղյակ չեմ: Չեմ էլ ուզում այդ խոսակցությունները  լսեմ: Տարբեր հարցերի մասին է խոսքը: Կարող է չհավատաք, բայց ես տեղյակ չեմ: Գուցե չհավատաք, բայց ես ազնիվ խոսք, չեմ էլ թողնում որեւէ  մեկը որեւէ հարցով դիմի այս պահին: Ես կվերադառնամ մեկ ամսից, երբ ամեն ինչ նորմալ կլինի: Կգամ բոլոր հարցերին կպատասխանեմ»:

Հիշեցնենք, որ այս պահին Արտյուշա Ղուկասյանը բուժման նպատակով գտնվում է Գերմանիայում: