Հոլանդիայի ոստիկանությունը հայտնաբերել է այն երկու վագրերին, որոնք փախել էին Նիդեռլանդների հյուսիսում գտնվող կենդանիների ապաստարանից: Այս մասին հայտնել են երկրի իրավապահ մարմինները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կենդանիները գտնվում են մեր տեսադաշտում»,- պարզաբանել են ոստիկանությունում: Այս պահին իրավապահները անասնաբույժների հետ միասին փորձում են գիշատիչներին վերադարձնել տուն:
Դելի ու Ռաջա անունով վագրերը մայիսի 14-ի առավոտյան անհետացել էին «ֆելիդա» ապաստարանից, որը գտնվում է Օլդեբերքուփ քաղաքում: Թե հատկապես ինչպես է գիշատիչներին հաջողվել դուրս գալ արգելապատնեշի վրայով, դեռ պարզ չէ: Նախնական տվյալներով, դրա պատճառը կարող էին լինել բաց մնացած դարպասները:
Գիշատիչներին որոնում էին մի քանի պարեկախմբեր, ոստիկանական ուղղաթիռ, տրանկվիլիզատորներ պարունակող հրացաններով զինված անասնաբույժեր: Տեղի բնակիչներին որոնողական աշխատանքների ժամանակ խորհուրդ են տվել տանից դուրս չգալ:
«Ֆելիդա» ապաստարանը իրականացնում է կատվազգիների այն ներկայացուցիչների խնամքը, որոնք տարբեր պատճառներով պետք չեն եղել կենդանաբանական այգիներին կամ կրկեսներին: Կազմակերպության կայքը հայտնում է, որ հիմա իրենց խնամակալության տակ են գտնվում երկու առյուծ, ութ վագր, մեկ ընձառյուծ եւ լուսան:




























