Բաքվի վերաքննիչ դատարանում կայացել է ձերբակալված լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւի գործով դատական նիստը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ֆաթուլաեւը խնդրել է գործը վերադարձնել առաջին ատյանի դատարան։ Դատարանը, խորհրդակցելով, բավարարել է միջնորդությունը։
Էյնուլլա Ֆաթուլաեւը ձերբակալվել էր 2007 թվականի ապրիլի 20-ին։ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են 2005 թվականին գրված «Ղարաբաղյան օրագիր» շարքի հոդվածների համար։ Ֆաթուլաեւի ողջ մեղքն այն է, որ նա հերքել է Բաքվում պաշտոնապես շրջանառվող, հայերի կողմից կազմակերպված Խոջալուի «ցեղասպանության» փաստը։
Եվրոպական դատարանը, հիմնվելով Մարդու իրավունքների եւ ազատությունների կոնվենցիայի դրույթների վրա, պահանջել է անհապաղ ազատ արձակել լրագրողին։





























