2010 թ. սեպտեմբերի 29-ին Կանանց իրավունքների կենտրոնի (ԿԻԿ) եւ Forum թատրոնի դերասանների աջակցությամբ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի մշակույթի տանը տեղի է ունեցել «Էջեր շան օրագրից» ինտերակտիվ ներկայացումը, որը հիմնված էր կանանց եւ նրանց երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության իրական պատմությունների վրա եւ արտահայտում էր այդ հիմնահարցի արդիականությունը:
Այս խնդրի լուծման եւ դրա դեմ պայքարելու ուղիներից մեկն էլ հասարակության ակտիվության բարձրացումն է: Այդ նպատակով ԿԻԿ-ը Երեւան քաղաքում եւ ՀՀ տարբեր մարզերում պարբերաբար կազմակերպում է թատերական ներկայացումներ, որոնք ընթանում են հանդիսատեսի անմիջական մասնակցությամբ:
Հարկ է նշել, որ Եղեգնաձոր քաղաքի հանդիսատեսը բավականին ակտիվ էր եւ ներկայացնում էր իր տեսակետն ու կարծիքը ոչ միայն այս երեւույթի լուծման, այլ նաեւ ընտանեկան բռնությունը սնող ակունքների կանխման վերաբերյալ:
Եվ այսպես, այն հարցին, թե արդյոք երեխային պե՞տք է հայր, նույնիսկ եթե նա բռնարար է, 12 հարցվածներից միայն երկուսը (արական սեռի ներկայացուցիչներ) դրական պատասխան տվեցին` հիմնավորելով, թե «երեխան իր շրջապատում ճնշված եւ նեղված կզգա, եթե չունենա հայր, թեկուզ նա լինի բռնարար»: Մնացած տասի կարծիքով, եթե հայրը բռնարար է, ապա պետք չէ երեխային, քանզի նրա այդ կերպարը միայն կազդի երեխայի հոգեբանության եւ անհատի ձեւավորման վրա:
Նման ներկայացումները նպաստում են ընտանեկան բռնության դեմ պայքարի իրազեկմանը, ինչպես նաեւ հասարակության ակտիվացմանը այս հիմախնդրի կանխման ուղղությամբ:




























