Սեպտեմբերի 30-ին Հայաստանի ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ Երեւանում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOIKA) փորձագիտական խմբի ղեկավար Կիմ Ենսուկը արձանագրություն են ստորագրել ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի տեխնիկական վերազինման ծրագրի վերաբերյալ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2009 թվականի դեկտեմբերին Կորեա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում էր ունեցել Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Պարկ Դեյ Վոնի հետ, որի ընթացքում  պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ  գործակալությունը կօժանդակի ՀՀ Ազգային ժողովի դահլիճի տեխնիկական  վերազինման աշխատանքներին:

Այս տարվա օգոստոսին Կորեայի միջազգային համագործակցության գործակալության  ներկայացուցիչները ժամանել են Հայաստան,  հանդիպել Հովիկ Աբրահամյանի հետ եւ  քննարկել ԱԺ դահլիճի վերազինման ծրագրի հետ կապված հարցեր:

Արձանագրության ստորագրման արարողությունից հետո ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը շնորհակալություն հայտնել  Կորեայի միջազգային համագործակցության գործակալությանն ու Կորեայի ժողովրդին` աջակցության համար, եւ հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի:

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի տեխնիկական վերազինման ծրագրի նպատակն է Ազգային ժողովի գործունեության եւ ԱԺ աշխատակազմի աշխատանքների արդյունավետության, ՀՀ ԱԺ գործունեության մատչելիության եւ թափանցիկության աստիճանի  բարձրացումը: Փաստորեն, ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին նշանակելով ԱԺ դերը բարձրացնելուց հետո, հիմա էլ խնդիր է դրվել բարձրացնել նրա աշխատանքների արդյունավետությունը: