«Ոսկե Ծիրան» կինոփառատոնը հայտարարություն է տարածել կապված Թուրքիայի Մալաթիա քաղաքում հիմնադրված նոր կինոփառատոնի մրցանակներից մեկը  «Ոսկե Ծիրան» կոչելու փաստի հետ: Հայտարարության մեջ մասնավորապես, նշվում է.

«Հայկական «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հետեւողական քայլերի եւ Թուրքիայի Մալաթիայի միջազգային փառատոնի տնօրինության հետ նամակագրական բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել փոխել թուրքական նորաստեղծ փառատոնի մրցանակի անունը` այն անվանելով «Բյուրեղապակե ծիրան»:

Հիշեցնենք, որ այս թեման առաջին անգամ բարձրացրել է NEWS.am-ը, որին ակտիվորեն արձագանքել է թուրքական մամուլը: Հետագայում Թուրքիայի Մալաթիայի նահանգապետը պարզաբանեց, որ քանի որ իրենք հանդիսանում են ծիրանի արտահանման առումով խոշոր կենտրոն, իրենց իրավունք են վերապահում կինոփառատոնի մրցանակներից մեկն անվանել «Ոսկե Ծիրան»: Արձագանքեց նաեւ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ղեկավարությունը, նշելով, որ իրենք կփորձեն պարզել իրականությունը եւ եթե պարզվի, որ փառատոնն է կոչվում «ոսկե Ծիրան», ապա դատի կտան թուրքական կողմին:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում կկայանա «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի մամլո ասուլիսը, որի ժամանակ անդրադարձ կկատարվի նաեւ հետփառատոնային ծրագրերին եւ փառատոնին շնորհված նոր միջագզային մրցանակին: