Ազգային Ժողովի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը պատարստվում է դիմել Հայ ազգային կոնգրեսին՝ համագործակցել մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման նպատակով ստեղծված եւ հետո լուծարված փաստահավաք խմբի անդամներ Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի 4-րդ զեկույցում ներկայացված փաստերը հետաքննելու համար:

Հիշեցնենք, որ, ըստ զեկույցի հեղինակների, պաշտպանության նախարարությունից Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանին, Գագիկ Ծառուկյանին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ԱԺ պատգամավորներ Լեւոն Սարգսյանին, Առաքել Մովսիսյանին, Սամվել Ալեքսանյանին, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանին, Երեւանի ներկայիս քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին 950 հատ զինվորական համազգեստ են տրամադրել՝ ապօրինի զինված խմբեր հանդերձելու եւ խաղաղ ցուցարարների դեմ օգտագործելու համար:

«Այդ փաստաթղթում այնքան սարսափելի ներուժ կա, որ մենք պարտավոր ենք ճշտել դրա իսկությունը»,- նշեց ԺՀ անդամ Գուրգեն Արսենյանն ու հավելեց. «Եթե զեկույցում նշվածը 1 գրամ էլ համապատասխանի իրականությանը, ես չեմ էլ պատկերացնում…: սա մինչ օրս եղած ամենալուրջ մեղադրանքն է»:

ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Սաֆարյանն իր հերթին նկատեց, որ պետք է անպայման պարզել զեկույցում նշված փաստերը: «Գագիկ Ծառուկյանը հայկական բանակի հովանավորներից է շատ երկար ժամանակ, եւ մենք կարիք չենք ունեցել երբեք պահեստներից ինչ-որ բան ստանալու»,- նշեց Սաֆարյանը եւ հավելեց, թե Ծառուկյանի մարդիկ մարտի 1-ի հետ որեւէ կապ չեն ունեցել:

«Ցավալի է, թե ինչու ավելի շուտ մեզ չեն ուղարկել այս զեկույցը»,- իր հերթին բարձրաձայնեց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ Հայ ազգային կոնգրեսն այդ փաստաթուղթը ամիսներ առաջ ներկայացրել է միջազգային կառույցներին, եւ փաստահավաք խմբին:

Հանձնաժողովի անդամներից ոմանք անգամ առաջարկեցին հրավիրել եւ քննել ՊՆ թիկունքի վարչության պետ Տիգրան Գասպարյանին, որը, ըստ փաստահավաքի անդամների, խոչընդոտել է իրենց աշխատանքը՝ փաստերի ճշտման ժամանակ:

Ինչեւէ, տեւական քննարկումներից հետո հանձնաժողովը որոշեց դիմել Հայ ազգային կոնգրեսին՝ ներկայացուցիչ ուղարկելու եւ մասնակցելու փաստերի ճշտմանը:

Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին ոստիկանությունը ցրեց Ազատության հրապարակում 10 օր խաղաղ ցույց անող ընդդիմության ակտիվիստներին, իսկ երեկոյան արդեն զենք կիրառվեց ցուցարարների նկատմամբ, ինչի արդյունքնում զոհվեց 10 հոգի: Սերժ Սարգսյանի հրամանով 2008թ. աշնանը փաստահավաք խումբ ստեղծվեց, որը պիտի շատ հարցերի պատասխան տար, սակայն յոթ ամիս աշխատելուց հետո խումբը լուծարվեց, եւ խմբի ընդդիմադիր անդամները առանձին զեկույցներ ներկայացրին: