Որքան ավելի է շարունակվում Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը, որքան ավելի ինտենսիվ կերպով են զինվում դրա կողմերը, այնքան մեծանում է նոր լարվածության վտանգը, ներառյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը: Այդ մասին մայիսի 16-ին Վիեննայում Մինսկի խմբի հանդիպումից առաջ հայտնել է ԳԴՀ-ի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը:
«Շփման գծի երկայնքով կատաղի մարտերը վեց շաբաթ առաջ ցույց են տալիս, որ բազմամյա ստատուս քվոն երկարաժամկետ հեռանկարում սնանկ է: Որքան ավելի է շարունակվում հակամարտությունը, որքան ավելի են զինվում նրա կողմերը, այնքան մեծանում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր լարման, նույնիսկ պատերազմի ռիսկը», — ասված է Գերմանիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ։
Շթայնմայերի խոսքով, ԵԱՀԿ-ն կարեւոր դեր է խաղում հակամարտության հանգուցալուծման գործում: «Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն երկար տարիների ընթացքում, որպես Միսնկի խմբի համանախագահներ, փորձել են համակարգել հրադադարը եւ քաղաքական գործընթացի վերսկսումը (դրա մասին որոշումը): Գերմանիան, որպես ԵԱՀԿ-ի նախագահ, աջակցում է դրան», — հավելել է նա:
«Մեր կարծիքով, նպատակը պիտի լինի հաստատել եւ ամրապնդել հրադադարի ռեժիմը շփման գծում, համաձայնեցնել վստահության ամրապնդման միջոցները եւ բանակցային գործընթաց սկսել: Դա որոշ ժամանակ կխլի, մեկ օրում որոշում չի լինի», — ասել է նախարարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մայիսի 16-ի երեկոյան Վիեննայում տեղի կունենան ԵԱՀԿ-ի Միսնկի խմբի բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարների եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի մասնակցությամբ:





























