Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է հարցումների շարք, որով փորձ է արվում վերհանել այս կամ այն մարզի բնակիչներին հուզող հիմնական խնդիրները։ Տավուշի մարզում անցկացված հարցումների արդյունքներն, այսօր` սեպտեմբերի 30-ին Իջեւանում կայացած նիստում հրապարակել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նրա խոսքով՝ տավուշցիներին հիմնական մտահոգող խնդիրը ոչ թե գործազրկությունն է, ինչպես այլ մարզերում, այլ բնակչության կենցաղային պայմանները։ «Բոլոր քաղաքացիներն այս խնդիրն են համարում առաջնահերթ։ Պատահական չէ, որ մտահոգող հարցերի շարքում անտառներում, անտառային տնտեսությունում ստեղծված իրավիճակն է», -ասել է վարչապետը։

Հաջորդ առանձնահատկությունն առողջապահության նկատմամբ վերաբերմունքն է։ Ըստ վարչապետի՝ Տավուշի բնակչությունն ավելի խստապահանջ է առողջապահության ոլորտի նկատմամբ։ Դա էլ բացատրվում է նրանով, որ եթե անվտանգության խնդիրներն առաջնային են, ապա մարզում պետք է լինեն որակյալ բուժհիմնարկներ, որպեսզի մարդիկ կարողանան առաջին անհրաժեշտության բուժօգնություն ստանալ հենց մարզում։

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ բնակիչները բարձր են գնահատում մարզպետի, ինչպես նաեւ Ազգային Ժողովում ներկայացված պատգամավորների աշխատանքը, որոնք շատ ակտիվորեն շփվում են բնակչության հետ, գիտեն նրան մտահոգող խնդիրները, պահպանում են մշտական կապ։