Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանն այցելել է Խարկովի մարզ, որտեղ հանդիպել է մարզի ղեկավարությանը եւ մասնակցել Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումներին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարզի նահանգապետ Միխաիլ Դոբկինի եւ քաղաքապետ Գենադի Կերնեսի հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են մարզի եւ Հայաստանի համագործակցության զարգացման եւ խորացման հարցեր:

Գոհունակությամբ նշվել է, որ համագործակցության համար կարեւոր քայլ էր 2009թ. մարզի ղեկավարության գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, որի ժամանակ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնք հնարավորություն են ընձեռում համագործակցության առավել ընդլայնման եւ երկկողմ առեւտրատնտեսական կապերի ամրապնդման համար: Փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու նպատակով, դեսպանը նահանգապետին եւ քաղաքապետին հրավիրել է այցելել Հայաստան:

Նույն օրը Հայաստանի դեսպանը մասնակցել է Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառմանը, որին մասնակցել են մարզի ղեկավարությունը, հայ համայնքի, գիտության, մշակույթի, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ:

Միջոցառումը եզրափակվել է համերգով Հայաստանի եւ մարզի մշակութային խմբերի եւ երգիչների մասնակցությամբ: