Էկոլոգիական հասարակական դաշինքը ստորագրահավաք է կազմակերպում Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին ուղղված գրավոր դիմումի համար, որով պահանջվում է հետ կանչել Կոմիտասի անվան այգում դելֆինարիում կառուցելու որոշումը: Այդ մասին հաղորդում է «ԷկոԼուր»-ը։ Դաշինքի անդամներն անհանգստացած են այդպիսի նուրբ էակների ճակատագրով, ինչպիսին դելֆիններն են: «Հանրությունը չունի ոչ մի պաշտոնական տեղեկատվություն (հասարակական լսումներ, փաստաթղթեր) դելֆինների շահագործման եւ դելֆինարիումի կառուցման մասին»,-նշված է դիմումում:
Նամակում նաեւ նշված է, որ « Պանթեոնն իրենից ներկայացնում է ազգային արժեք, որտեղ մարդիկ գալիս են հարգելու ազգի նվիրյալների հիշատակը: Կառուցել այստեղ Դելֆինարիում, որը զվարճանքի վայր է` ուղղակի անընդունելի է մեզ համար»:
Նամակով պահանջվում են մի շարք փաստաթղթեր, որոնք թույլատրում են այդ նախագծի իրականացումը, եւ մասնավորապես, հասարակական լսումների արձանագրությունը:





























