2013թ. դեկտեմբերին ունեցած աղմկահարույց սպանության համար 2 տարվա ազատազրկման դատապարտված, Տավուշի մարզի Թեղուտ համայնքի ղեկավարի որդու՝ Արագած Թամրազյանի վճիռն արդեն մտել է ուժի մեջ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արագած Թամրազյանի փաստաբան Վաղինակ Գեւորգյանը հայտնեց, որ կողմերից ոչ մեկը վերաքննիչ բողոք չի ներկայացրել:
Փաստաբանի խոսքով՝ այս հոդվածը նախատեսում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակում, սակայն դեռեւս հայտնի չէ՝ իր պաշտպանյալը պատժի 1/3-րդ մասը կրելուց հետո ազատ կարձակվի, թե ոչ:
Նշենք, որ Թամրազյանը կալանքի տակ է 2015թ. օգոստոսից:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արագած Թամրազյանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Նավասարդ Աբգարյանին, դիտավորությամբ վնասել Համլետ Բադալյանին պատկանող ավտոմեքենան:
Նշենք, որ Թամրազյանին նախկինում առաջադրված մեղադրանքը վերաորակվել է. ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը վերաորակվել է 105-րդ հոդվածի 1-ին մաս, իսկ ՔՕ 185-րդ հոդվածի 1-ին մասը՝ մնացել անփոփոխ:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2013 թ. դեկտեմբերի 24-ին Արագած Թամրազյանն ավտոմեքենայով հետապնդել է իր եղբոր հետ վիճաբանած Նավասարդ Աբգարյանի ավտոմեքենային, որի ընթացքում հրացանից չորս անգամ կրակել է նրա ուղղությամբ: Այնուհետեւ Նավասարդ Աբգարյանը, փոխելով ավտոմեքենայի ուղղությունը, կիսով չափ բարձրացել է մայթ, իջել ավտոմեքենայից եւ որպես հետիոտն անցել ճանապարհի երթեւեկելի մաս: Արագած Թամրազյանը շարունակել է հետապնդել նրան եւ կրակել Աբգարյանի ուղղությամբ։ Ստացած հրազենային վնասվածքով վերջինս տեղափոխվել է «Դիլիջանի բժշկական կենտրոն», որտեղ ժամեր անց մահացել է:
Դեկտեմբերի 28-ին Արագած Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել եւ հայտարարվել հետախուզում: 2015թ. օգոստոսի 25-ին Թամրազյանը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանություն: Նա կալանավորված է:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Թեղուտի գյուղապետի որդին հայտնվում է դատարանում: 2013թ. հուլիսին իրեն ամրակցված հրացանով Արագած Թամրազյանը կրակոցներ էր արձակել եւ վնասել Դիլիջանում գործող գազալցակայաններից մեկի աշխատասենյակի պատուհանի ապակիները՝ պատճառելով 34 հազար դրամ նյութական վնաս: Բացի դրանից, վնասվել էր նաեւ տարածքում տեղադրված՝ Արսեն Բաբախանյանին պատկանող սուրճի ինքնաեռ սարքը՝ պատճառելով 50 հազար դրամի նյութական վնաս:
Այս գործով դատարանը որոշել էր գործի վարույթը կարճել եւ քրեական հետապնդումը դադարեցնել:





























