Երեւանի Սիլիկյան թաղամասում անցած տարվա հուլիսին «Քարերի աշխարհ» ընկերության սեփականատեր Մարտիրոսյանների ընտանիքի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից: Ըստ մեղադրական եզրակացության՝ ընկերության՝ Հրանտ, Աշոտ եւ Հրաչյա Մարտիրոսյանները, շուրջ 20 րոպե, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը. այն է՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել եւ անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝ ուրիշի գույք են ոչնչացրել:
Հրանտ, Աշոտ եւ Հրաչյա Մարտիրոսյաններին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Հրանտ Մարտիրոսյանը գրավով ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կալանավորվել են:
Առաջին ատյանը որոշել էր Աշոտ եւ Հրաչյա Մարտիրոսյանին դատապարտել 7 ամսվա ազատազրկման, իսկ Հրանտ Մարտիրոսյանին՝ տուգանքի 400 հազար դրամի չափով:
Այս որոշման հետ սակայն մեղադրողն ու պաշտպանը համաձայն չեն եղել եւ վերաքննիչ բողոք են ներկայացրել, որը մերժվել է:
Մայիսի 10-ին գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. հուլիսի 9-ին ժամը 14:30-ին Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սիլիկյան թաղամասի բնակչուհի Մարինա Ավետիսյանից, որ համագյուղացի Կառլեն Մարտիրոսյանն իրենց տան բակում փայտով հարվածել է իրեն եւ պատճառել ֆիզիկական ցավ, որից հետո Կ. Մարտիրոսյանը, Հրանտ, Հրաչ, Աշոտ Մարտիրոսյանները հետապնդել են իր անչափահաս որդուն, հայհոյել, երկաթյա եւ փայտյա մահակներով դիտավորությամբ նրա կողմից վարվող «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին։





























