16-ամյա Խաչիկ Ղազանչյանի սպանության գործով դատաքննությունը սկսվել է: NEWS.am-ի հետ զրույցում գործով մեղադրյալ 18-ամյա Սուրեն Մուրադյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը նշեց, որ առաջին նիստին, որը կայացել է մայիսի 16-ին, հարցաքննվել է Սուրեն Մուրադյանի հայրը:
Նշենք, որ մեղադրյալի հայրը պատմել է, որ Սուրենին դեպքից մեկ ժամ առաջ Խաչիկն ու ընկերները զանգել, հայհոյել են եւ գումար են պահանջել: Դրանից հետո Խաչիկը ցանկացել է հաշվեհարդար տեսնել Սուրենի հետ, քանի որ նա հրաժարվել է գումար տալ: Սուրենը դրանից հետո վախեցած է եղել, փախչել է, իսկ օրեր առաջ անձամբ է ներկայացել ոստիկանություն:
Այդ ամենը ապացուցվել է նախաքննության ընթացքում՝ հեռախոսային վերծանումներից:
Փաստաբանը նշեց, որ գործով երկու կարեւոր վկաներից առաջին նիստին ներկայացել է միայն մեկը եւ այդ պատճառով ինքը դատարանին միջնորդություն է ներկայացրել` նիստը հետաձգելու, որը բավարարվել է:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 27-ին:
Նշենք, որ Խաչիկն ու Սուրենը մանկության ընկերներ են եղել:
Խաչիկին դանակի 14 հարվածով սպանելու մեջ մեղադրվող՝ նրա 18-ամյա ընկեր Սուրեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունվարի 6-ին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Խաչիկ Ղազանչյանին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր կենսական կարեւոր նշանակություն ունեցող մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, որոնցից նա դեպքից մոտ մեկ ամիս անց մահացել է:





























