Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում 2014թ. դեկտեմբերին տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ դանակահարված 17-ամյա Տիգրան Գեւորգյանի հարազատները բողոքարկելու են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած դատավճիռը:

Նշենք, որ Տիգրանին դանակահարելու մեջ մեղադրվող Նարեկ Ադամյանը դատապարտվել է 3 ու կես տարվա ազատազրկման, որի հետ Տիգրանի հարազատները համաձայն չեն:  NEWS.am-ի հետ զրույցում տուժողի՝ Տիգրան Գեւորգյանի մայրը՝ Արմինե Ղաբուզյանը՝ նշեց, որ  Նարեկ Ադամյանի նկատմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած դատավճիռը շատ մեղմ է, իրենք պահանջում են ավելի խիստ պատժի ենթարկել Նարեկին:

Նշենք, որ Տիգրան Գեւորգյանի հարազատները Տիգրանի  դանակահարելու մեջ մեղադրվող Նարեկ Ադամյանի հարազատներից նաեւ  պահանջում են 10 միլիոն դրամ` որպես Տիգրանի բուժման ծախսերի փոխհատուցում, սակայն պաշտպանական կողմը հրաժարվել է բուժման ծախսերի փոխհատուցումից` հիմնավորելով, որ հնարավորություն չունեն:

Արմինե Ղաբուզյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր որդին` Տիգրանը, կրծքավանդակի ու թիկունքի շրջանում կտրող-ծակող գործիքով վնասվածք է ստացել, մեծ քանակությամբ արյուն կորցնելու հետեւանքով տեսողությունը սկսել է թուլանալ, Տիգրանը զրկվել էր քայլելու ունակությունից։  Հետագայում Տիգրանը Իսրայելում տեսողության վերականգման կուրս է անցել, որից հետո որոշ չափով սկսել է նրա տեսողությունը վերականգնվել:

Մայիսից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում դանակահարության դեպքով դատաքննություն, որի ընթացքում հարցաքննվել են դպրոցի ուսուցիչները, աշակերտները: Դատարանում ցուցմունք տալուց հրաժարվել են ամբաստանյալ Նարեկ Ադամյանի մայրն ու քույրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ. դեկտեմբերի 2-ին Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ Վանաձորի բնակիչ 18-ամյա Նարեկ Ադամյանը դանակահարել էր 17-ամյա Տիգրան Գեւորգյանին եւ 17-ամյա Ռոբերտ Պ.-ին:

Նարեկ Ադամյանը դեպքից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել Տիգրանին ու Ռոբերտին: Մայիսից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դատավարություն: