Մոլդովայի նորընտիր խորհրդարանն այսօր տեղի ունեցած իր առաջին նիստում նախագահ է ընտրել արեւմտամետ կոալիցիայի ներկայացուցիչ Միհայ Գիմպուին:
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում 2001 թվականից հետո առաջին անգամ Մոլդովայի խորհրդարանում կոմունիստները մեծամասնություն չեն կազմում: Ակնկալվում է, որ առաջին նիստի օրակարգի հիմնական հարցը կդառնա գործող կառավարության հրաժարականը, ինչպես պահանջում է Սահմանադրությունը: Գործող վարչապետ, նախագահի նախկին թեկնածու, կոմունիստ Զինաիդա Գրեչանայան նախօրեին արդեն ներկայացրել է իր հրաժարականը:
Նորընտիր խորհրդարանը նաեւ երկրի նախագահ է ընտրելու:
Մոլդովայի Սահմանադրության համաձայն, երկրի նախագահի ընտրության համար անհրաժեշտ է խորհրդարանի 61 պատգամավորների հավանությունը, մինչդեռ նախորդ ամիս անցկացված արտահերթ ընտրություններում կուսակցություններից եւ ոչ մեկին չի հաջողվել այդքան ձայն ապահովել: Բանակցությունները` համատեղ թեկնածու առաջադրելու կամ ընդդիմության թեկնածուին պաշտպանելու շուրջ, առայժմ հաջողությամբ չեն պսակվում:




























