Ադրբեջանն այսօր վերահաստատել է իր ձյուդոյի հավաքականի մասնակցությունը Երեւանում սեպտեմբերի 11-13-ը կայանալիք Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը:
ՀՀ Ձյուդոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ Ադրբեջանի հավաքականը Երեւան է ժամանելու հետեւյալ կազմով` Մուշկիեւ Իլգար՝ 55 կգ քաշային կարգում, Ասադուլլաեւ Ռասիմ՝ 60 կգ քաշային կարգում, գ- Էմինօղլու Ֆագան՝ 66 կգ քաշային կարգում, Գուրբանով Ռամին՝ 81 կգ քաշային կարգում, եւ Գասիմով Էլմար՝ 100 կգ քաշային կարգում:
Թիմին ուղեկցելու են բժիշկներ Քամիլ Իսկանդարովը եւ Ազեր Մամադովը, մարզիչներ Ֆարհադ Մամադովը, Ազեր Շիխալիեւը, Աղայար Ախունդզադան, մրցավար Վալեհ Մահարամովը, թիմի ղեկավար Էլշադ Ալաքբարովը եւ թիմի պաշտոնյա Ֆուադ Գասիմովը: Հայտում նշվում է նաեւ 2 լրագրողի մասնակցության մասին:
Տեղեկացնենք, որ Երեւանում սեպտեմբերի 11-13-ը կայանալիք Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության մասնակցության վերջնական հայտի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան հիմնադրվել է 1973 թվականին:
1992 թվականին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Ալեքսան Ավետիսյանը: 2003թ. Երեւանում կայացած Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում մեր ձյուդոիստները գերազանց հանդես եկան եւ նվաճեցին 7 մեդալ` 1 ոսկե, 1 արծաթե եւ 5 բրոնզե:




























