Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով ողնաշարի շրջանում վիրավորված զինծառայող Արման Լազգիյանի բուժման նպատակով արտերկիր տեղափոխումը դեռեւս անհնար է՝ բարդացումների եւ նոր վիրահատություն իրականացնելու պատճառով: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Նրա վիճակը դեռեւս թույլ չի տալիս մեզ քննարկել տեղափոխման հնարավորությունը՝ երկու օր առաջ տեղի ունեցած վիրահատությունից հետո»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ բարդությունները, որոնց պատճառով Արմանին նորից վիրահատել են, ի հայտ են եկել վերակենդանացման բաժանմունքում բուժման ընթացքում. աղիքներում հայտնաբերվել է «սթրեսային խոց»:

Նախարարի խոսքով, վիրավոր Արմանի բուժումն արտերկրում կազմակերպելու թեմային կվերադառնան մոտ ապագայում, երբ նա կվերականգնվի վիրահատությունից հետո եւ իրեն ավելի լավ կզգա:

Նշենք, որ Արմանն արդեն այս շաբաթվա վերջ պետք է տեղափոխվեր Համբուրգ:

Հիշեցնենք, որ չնայած առողջապահության համակարգի ներկայացուցիչների վստահեցումներին, որ Հայաստանում վիրավոր զինծառայողների համար արվում է ամեն բան, Արմանի ծնողները վստահ են, որ թեպետ հայ բժիշկներն իրենց երեխաներին օգնել են եւ իրենց ուժերի սահմաններում արել են ամեն բան, նրանց համար արդյունավետ վերականգնում հնարավոր է կազմակերպել միայն լավագույն եվրոպական կլինիկաներում, քանի որ Հայաստանում վերականգնողական բուժումն այնքան զարգացած չէ, որքան, օրինակ, Գերմանիայում։

Քանի որ ՀՀ կառավարության վերջերս ընդունած որոշումը (վիրավոր զինծառայողներին, որոնց չեն կարող օգնել տեղի բժիշկները, պետք է բուժեն արտասահմանում) չի տարածվում Արմանի եւ Ռուբենի վրա, նրանց ծնողները սկսեցին գումար հավաքել տղաների բուժումը Եվրոպայում ինքնուրույն կազմակերպելու համար։

Առաջին վճարման համար անհրաժեշտ գումարը Արմանի հայրը մի քանի օր առաջ արդեն փոխանցել էր Գերմանիայի կլինիկային։ Նրա խոսքով՝ գումարը հավաքվել էր մասնավոր անձանց վճարումների հաշվին ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարների միջնորդությամբ։