Հայկական կողմը միշտ կողմ է եղել ղարաբաղյան հակամարտության շփման գծում միջադեպերի հետաքննմանը: Այս մասին մայիսի 19-ին Կառավարության հերթական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների արտգործնախարարների առաջարկը նման մեխանիզմների ներդրման մասին:

«Ես կարծում եմ, որ բանակցային գործընթացում հաջողությունների հասնելու առաջին նախապայմանը վստահության մեխանիզմների ստեղծումն է, որոնք երկու ուղղությամբ պետք է ձեւավորել՝ զերծ մնալ բոլոր տեսակի խախտումներից եւ միջազգային հետաքննության մեխանիզմներ ներդրել: Վերջին բանակցություններում (Վիեննա – խմբ) կարծես խոսքը հենց այդ մասին էր: Հայաստանի նախագահը բազմիցս կրկնել է, որ մենք կողմնակից ենք այդ մեխանիզմների ներդրմանը, տեսնենք, թե ինչպես դրան կվերաբերվի հակառակ կողմը: Հայաստանի ու ԼՂՀ պաշտպանության նախարարությունները բազմիցս նման միջոցառումներ են անցկացրել: Միակողմանի ու ամբողջովին դադարեցրել են կրակը, անցկացրել նաեւ միջադեպերի հետաքննություններ՝ ներկայացնելով դրանց արդյունքները միջազգային հանրությանը»,- նշել է Օհանյանը: