Մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպումը եռանախագահների ցանկությունը բավարարող անպտուղ հանդիպում էր: Այս մասին այսօր` մայիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
«Այդ հանդիպումից ոչ մի դրական բան չստացանք: Հետաքննության մեխանիզմների ներդրման մասին խոստում եղավ, սակայն ադրբեջանական կողմը հայտարարեց, որ նման պայմանավորվածություն չի եղել, դա միայն եռանախագահների ցանկությունն է: Խոսք եղավ, թե զինադադարի պայմանագրի վերահաստատումն է, սակայն այդ պայմանագիրը ստորագրել են երեք կողմերը, իսկ Վիեննայում երկու կողմն էր միայն»,- ասաց Արա Պապյանը:
Պապյանի համար անհասկանալի է Արցախի դիրքորոշումը. նրա կարծիքով, Արցախը պետք է հստակ պնդի բանակցություններին մասնակցության մասին եւ որ իր տարածքային ամբողջականությունը խախտվել է եւ պետական պաշտոնյաները պարտավոր են քայլեր ձեռնարկել դա վերականգնելու համար՝ անկախ դրանից, թե մեծ տարածք է, թե փոքր:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե այդ տարածքները անվտանգության գոտիներ են եղել եւ կարեւորություն չի տվել, Պապյանի համոզմամբ, երկրի նախագահը նման հայտարարություն անելու իրավունք չուներ. «Լեռնային Ղարաբաղը պետք է բողոքեր, որ իր հարեւան երկրի նախագահն իրավունք չունի սահմանադրորեն իմ երկրի մաս կազմող տարածքների մասին հայտարարություն անի»:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մինսկի խմբի համախագահող երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:





























