Հատուկ քննչական ծառայությունը օգոստոի 27-ի դրությամբ մեղադրանք է առաջադրել 4 ոստիկանների, 2008թ. մարտի 1-ին Հանրապետության հրապարակում, ինչպես նաեւ Մաշտոցի պողոտայում, քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառելու դեպքի առթիվ, ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում:
ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնեցին, 2008թ. մարտի 1-ին առավոտյան Հանրապետության հրապարակում քաղաքացու նկատմամբ բռնություններ կիրառելու, հատուկ միջոց հանդիսացող ռետինե մահակներով հարվածներ հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ Գ.Հարությունյանին եւ Հ.Ղուկասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությամբ պարզվել է նաեւ այն ոստիկանների ինքնությունը, որոնք, ըստ նախաքննությանը ներկայացված տեսագրությունների, 2 քաղաքացու նկատմամբ բռնություններ են գործադրել Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ Ա.Մանուկյանին եւ Գ.Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:




























