Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով թերթերից մեկի տպագրած լուրին, թե ինքը քնել է, երբ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները գործ են զեկուցելիս եղել՝ ասել է. «Ցավոք, այդ հրապարակումը տպագրելիս թափանցիկությունը չեն ապահովել: Պետք է նաեւ գրեին, թե ինչ երազ եմ տեսել»:
Դատախազը նաեւ հավելել է. «Մեր առանձին ԶԼՄ-ներ հայտնվել են հայտնի ստախոսի դերում, որի տունը եթե հրդեհվի էլ՝ ոչ ոք այլեւս դրան չի հավատա: Այնպիսի ակնհայտ ստեր են հրապարակում, որոնց նույնիսկ արձագանքել էլ չես ուզում: Ցավով եմ ասում սա, քանի որ կուզենայի տեսնել իրոք կայացած ԶԼՄ-ներ, որոնց ամեն տեղեկատվություն կարդալիս վստահությամբ ներշնչվեինք այդ լրատվամիջոցի նկատմամբ»: Թերթի մյուս հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերն այն մասին, որ գլխավոր դատախազը առողջական խնդիրներ ունի եւ անգամ Գերմանիայում բուժման կուրս է անցել, Հովսեփյանը պատասխանել է. «Վերջին 3 տարիների ընթացքում ես ոչ մի օր արձակուրդում չէի եղել: Օգոստոսին հաջողվեց 2 շաբաթով արձակուրդ գնալ: Կնոջս հետ միասին հանգստացել եմ Գերմանիայի հյուսիսում գտնվող մի փոքրիկ քաղաքում»:




























