Մինչեւ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հունիսյան բանակցությունների վերսկսումը ակնկալվում է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկման մեխանիզմներ տեղադրելու ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն` անդրադառնալով Վիեննայում Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հնարավոր ժամկետներին:

«Սպասում ենք, որ մինչեւ հունիսյան  բանակցությունների վերսկսումը, պետք է կոնկրետ գործողություններ իրականացվեն, ինչ վերաբերում է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելուն, ապա ադրբեջանական կողմը, այո, նախկինում բազմիցս խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունը եւ այնպես չէ, որ մենք մեծ լավատեսություն ունենք, որ այս անգամ ադրբեջանական կողմը ամբողջապես կպահպանի, բայց պետք է հուսալ, որ ողջամտությունը կհաղթի եւ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, կունենան հաջող ընթացք»,- նշել է նա:

Պատգամավորը նշել է, որ Հայաստանը շահեկան դիրքեր ունի այս բանակցություններում եւ  կարող ենք ակնկալել հաջողություններ, սակայն  փակագծերը չի բացել` նշելով, որ բանակցությունները կվերսկսվեն, որից հետո  հստակ կլինի` ինչի մասին է խոսքը:

« 94-95 թվականների հրադադարի պայմանագրի պահպաանումը, հետաքննության մեխանիզմների ներդրումը, ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչի մանդատի ընդլայնումը կոնկրետ պայմանավորվածություններ են, որ կողմերը պետք է պահպանեն: Եւ այն հայտարարությունը, որ տարածվել է Մինսկի խմբի համանախագահների կողմից ոչ միայն պետք է ընդունելի լինի, այլ երկու կողմերն էլ պիտի պահպանեն: Ուզում եմ հույս հայտնել, որ մինչեւ բանակցությունների սկսելը այդ քայլերը կձեռնարկվեն, իսկ դա բանակցությունների սկսման նախապայմաններից է»,-ասաց Նահապետյանը: