«Ժամանակ»-ը զրուցել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակուային կապերի բաժնի վարիչ Սերգեյ Չեբոտարեւի հետ:
Որն է Կրեմլի իրական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ես պաշտպանում եմ այն դիրքորոշումը, որ այս խնդրում Ռուսաստանը պետք է բավական հավասարակշռված եւ արտահայտված շարունակի իր միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների մակարդակով հանդիպումների ֆորմատում: Այսինքն՝ խաղաղ կարգավորման գրծընթացը առաջ է շարժվում, եւ ավելի լավ է քսան տարի բանակցություններ վարել, քան մեկ օր պատերազմ: Այդ իսկ պատճառով պետք է բանակցությունները շարունակվեն, պետք է շարունակել միջնորդական առաքելութուն իրականացնել, հանգուցալուծում փնտրել, որը միգուցե առայժմ այնքան էլ չի երեւում, բայց ժամանակի ընթացքում, ենթադրում եմ, որ կարելի կլինի հասնել այդ հանգուցալուծմանը:
Ինչպե՞ս եք գնահատում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա մակարդակը, եւ մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցն Ադրբեջան:
Ռուս-ադրբեջանական հարաբերություններն այժմ գտնվում են բարձր մակարդակի վրա, այս մասին պաշտոնապես է հայտարարվում, երկու պետությունների միջեւ հարաբերությունները ամուր են բոլոր մակարդակներում, նախեւառաջ տնտեսական ոլորտում, մշակութային եւ այլն: Ռուսաստանի համար կարեւոր է Ադրբեջանի հետ ունենալ շատ լավ, ռազմավարական հարաբերություններ, քանի որ Ռուսաստանի շահերը բավական մեծ են Կասպյան տարածաշրջանում, Ասիայում եւ այլուր, եւ այս առումով, Ադրբեջանը մեր դաշնակիցն է: Բայց մեկ անգամ եւս ընդգծեմ, որ Ադրբեջանի հետ ունենք բարեկամական, գործընկերային հարաբերություններ, սակայն դա ուղղված չէ Հայաստանի դեմ: Մենք սա ասում ենք նաեւ մեր ադրբեջանցի գործընկերներին եւ հուսով ենք, որ նրանք մեզ հասկանում, ընկալում են, որ այս հարցում չարժե անցնել որոշակի սահման: Այդ իսկ պատճառով՝ կցանկանայի մեկ անգամ եւս արձանագրել, որ մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ չեն վնասում Հայաստանի հետ մեր հարաբերություներին, եւ ոչ մի դեպքում այդ հարաբերությունները բացասաբար չեն անդրադառնում ղարաբաղյան հակամարտության հարցում:





























