«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» հաղորդագրություն է տարածել նույն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանի մահվան կապակցությամբ: Ստորեւ ներկայացնում ենք այն:
Ցավով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 30-ին, հանկարծամահ է եղել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ամալյա Կոստանյանը:
Ա. Կոստանյանը ծնվել է 1960թ. մարտի 10-ին, Երեւանում: 1981թ. ավարտել է ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետը, 1990թ. ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,1996թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը` ստանալով քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում: 2000թ. միջազգային զարգացման քաղաքականության մագիստրոսի կոչում է ստացել ԱՄՆ-ի Դյուքի համալսարանում:
2000թ. համախոհների հետ միասին ստեղծել է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը 2001թ. հոկտեմբերին դարձել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն շարժման հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը:
Հոգեհանգիստը կկայանա հոկտեմբերի 2-ին ժամը 18.00-ից, ք. Երեւան, Ազատության 8, բն.13 հասցեում: Հուղարկավորությունը` հոկտեմբերի 3-ին, ժամը` 14.00-ին, նույն հասցեից:
Transparency International
Anti-Corruption Center




























