Ռուսաստանը կցանկանար բարելավել ռուս-վրացական հարաբերությունները, սակայն դա կախված չէ միայն ռուսական կողմից։ Այս մասին Մոսկվայում հայ լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է հարաբերությունների կարգավորման հարցում այնքան հեռուն գնալ, որքան դրան պատրաստ է Թբիլիսին։ «Բայց մենք տեսնում ենք, որ Թբիլիսիի համար որոշ կարմիր գծեր կան։ Մեզ համար նույնպես կան կարմիր գծեր, մենք երբեք չենք հրաժարվի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչումից։ Ես դեռ նախադրյալներ չեմ տեսնում հարաբերությունների կարգավորման համար, գոնե ներկայիս Վրաստանի ղեկավարությունը պատրաստակամություն չի ցուցաբերում հարաբերությունների վերականգնման համար»,- ասել է Պավլովսկին։ Միաժամանակ նա խոստովանել է, որ հարաբերությունների որոշակի կարգավորում է ընթանում2012-ի վերջից, երբ Վրաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ։ Վերականգնվում է առեւտուրը, տրանսպորտային երթուղիներ են բացվել դեպի Վրաստան, Ռուսաստանից Վրաստան զբոսաշրջիկների հոսք նույնպես կա։





























