Ամենակարեւորը հիմնարար այն գաղափարի աջակցությունն է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այս մասին Մոսկվայում հայ լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին։Այդ պատճառով, Պավլովսկու կարծիքով, շատ կարեւոր է, որ Ռուսաստանն ու համանախագահ մյուս երկրները միանշանակ թղթի վրա արձանագրեն իրենց դիրքորոշումը, որ 1994-1995թթ. համաձայնագիրը հրադադարի եւ խաղաղ բանակցային գործընթացի շարունակման հիմքն է։
Անդրադառնալով Ղարաբաղում հնարավոր խաղաղապահ ուժերի տեղակայմանը՝ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենը նշեց, որ դա ենթադրվում է կարգավորման այն սխեմաներում, որոնք դրված են բանակցությունների սեղանին՝ սկսած Մադրիդյան սկզբունքներից։ «Ենթադրվում է, որ երբ համաձայնություն կնքվի, նախնական փուլում հնարավոր է խաղաղապահ ուժերի տեղակայում»,- ասել է դիվանագետը՝ նշելով, որ պետք չէ այդ հարցում իրադարձություններից առաջ անցնել եւ դրան պետք է վերադառնալ արդիականությունից ելնելով։
Անդրադառնալով բանակցային գործընթացին Ստեփանակերտի՝ որպես բանակցող կողմի վերադառնալուն, Պավլովսկին ուշադրություն է հրավիրել Հայաստանի պաշտոնական հայտարարության բացակայությանը, որ Ղարաբաղը պետք է բանակցային գործընթացի կողմ դառնա։ «Ոչ ոք պաշտոնապես նման առաջարկ չի ներկայացրել»,- ասել է նա։





























