Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց դատավորին ինքնաբացարկ հայտնել:

Այսօր` մայիսի 20-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տիգրան Հայրապետյանն ընդգծեց, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի կարող անկողմնակալ դատաքննություն իրականացնել:

«Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել եւ նա կալանավորվել է` իր քաղաքական հայացքների համար: Այս դեպքում շատ կարեւոր է դատավորի անկողմնակալ լինելը: Չմոռանանք, որ Մնացական Մարտիրոսյանն ամենաշատ քաղաքական հնչեղություն ունեցող գործեր քննողն է: Դուք այն եզակի դատավորներից եք, որ այսպիսի գործեր եք քննում, եւ հասարակության մեջ մոտեցում  կա, որ Դուք իշխանությունների ապօրինություններն արդարացնող բացառիկ կարողություն ունեցող դատավոր եք»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանը հիշեցրեց, որ այս դատավորը քննել է «Մարտի 1»-ի, Նիկոլ Փաշինյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Շանթ Հարությունյանի եւ ՀԱԿ ակտիվիստների գործերը:

Տիգրան Հայրապետյանը նշեց յոթ կետեր, որոնց համաձայն դատավորը չի կարող անկողմնակալ որոշումներ կայացնել, հետեւաբար դատաքննությունը ձեւական բնույթ կարող է կրել: «Միջնորդում եմ Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնել»,-ասաց նա:

Ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը նույնպես միացավ իր փաստաբանի միջնորդությանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:

Նշենք, որ առաջին դատական նիստին ներկա չէր տուժողը, որն ըստ դատարան ներկայացրած դիմումի, գտնվում է գործուղման մեջ:

Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: