Այսօր` հոկտեմբերի 1-ի երեկոյան ժամը 18-ին Հայ ազգային կոնգրեսը երթ է անցկացնելու: Այն սկսվելու է Սարյանի արձանի մոտից եւ ավարտվելու է Եվրախորհրդի երեւանյան գրասենյակի մոտ: Երթն արտոնվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի այս երթն անցկացվում է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստի նախօրեին` ի նշան բողոքի, որ Հայաստանում այդպես էլ չեն կատարվում ԵԽԽՎ Հայաստանի մասին ընդունված բանաձեւերի պահանջները:

«Մենք հայտարարում ենք, որ սկսում ենք հանրահավաքների, երթերի, ցույցերի նոր ալիք, որի նպատակն է ցույց տալ ամբողջ աշխարհին, որ ժողովուրդը ընդվզում է և պահանջում է անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Հայաստանում նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություների անցկացումը անխուսափելի է: Հաջորդ քայլը մենք կանենք հոկտեմբերի 1-ին ` ԵԽԽՎ մոնիտորինգի նիստից առաջ անցկացնելով Համաժողովրդական երթ, որի ընթացքում կվերահաստատենք մեր պահանջներն ու դիմումը», - հայտարարել է Լեւոն Զուրաբյանը:

Երթը կանցնի Մաշտոցի փողոտայով, Խորենացու փողոցով, Շահումյանի եւ Հանրապետության հրապարակներով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստում հաստատվել է ԵԽ-ին ուղղված ՀԱԿ-ի ուղերձի նախագիծը, որը երթի մասնակիցները կհանձնեն ԵԽ երեւանյան գրասենյակ: ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստը վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: