Beeline-ը տեղեկացնում է, որ միանում է Թանգարանների օրվան  նվիրված ամենամյա միջազգային ակցիային:

Մայիսի 21-ին Beeline Կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների առջեւ ժամը 17։00-ից մինչեւ 22։00-ն:

«Հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանում ունի զարգացման հետաքրքիր եւ հարուստ պատմություն: Beeline-ն, ի սկզբանե, կանգնած է եղել այդ պատմության կերտման ակունքներում, որի մի մասն այսօր ներկայացված է մեր Կապի թանգարանում: Մենք այս տարի եւս միանում ենք «Թանգարանների գիշեր» ամենամյա միջոցառմանը  եւ հրավիրում բոլոր ցանկացողներին այցելել Կապի թանգարան եւ ծանոթանալ հայ կապավորների եւ հեռահաղորդակցության զարգացման պատմությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի եւ ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաեւ երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ XX-րդ դարից սկսած մինչեւ  ժամանակակից թվային ֆիքսված, բջջային եւ ինտերնետ կապի սարքավորումներին: Կապի թանգարանը գործում է Ազատություն 24/1 հասցեում։

«Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը թանգարաններ ներգրավելով՝ ներկայացնել ժամանակակից թանգարանների ռեսուրսն ու ներուժը: Առաջին անգամ «Թանգարանների գիշեր» ակցիան կայացել է Բեռլինում 1997 թվականին, իսկ 2009 թվականին այս միջոցառմանը մասնակցել են արդեն 2300 Եվրոպական թանգարան: