Հայաստանում Ֆրանսիական գրականության օրերի շրջանակներում «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կկազմակերպվի հայտնի ֆրանսիացի գրող եւ ռեժիսոր Ալեն Ռոբ-Գրիյեին նվիրված ցուցահանդեսը:
Հոկտեմբերի 2-8-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում անցկացվող ցուցահանդեսը ներկայացնելու է նշանավոր գրողի անձնական արխիվի տարբեր նմուշներ, որոնք ներկայումս պահվում են ֆրանսիական Mռmoires de l’Edition Contemporaine(IMEC) ինստիտուտում:
Ալեն Ռոբ-Գրիյեին եւ «Նոր վեպ» գրական շարժմանը նվիրված Ֆրանսիական գրականության օրերը Երեւանում կազմակերպել են Մշակութային գործունեության եւ համագործակցության ծառայության, Հայաստանում ֆրանսիական դեսպանատան Գրադարանի Ընկերներ ընկերակցության, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի եւ IMEC-ի համատեղ ջանքերով` գրողի այրի Կատրին Ռոբ-Գրիյեի անմիջական աջակցությամբ: Ցուցահանդեսից բացի, միջոցառումների շարքն ընդգրկում է ֆիլմերի ցուցադրություններ, դասախոսություններ եւ քննարկումներ տարբեր մշակութային օջախներում եւ ԲՈՒՀ-երում:
Ֆրանսիացի նշանավոր գրող եւ կինոռեժիսոր Ալեն Ռոբ-Գրիյեն համարվում է «Նոր վեպ» գրական շարժման հիմնադիրներից մեկը: Այդ շարժումը սկիզբ է առել 1950 թվականին` իբրեւ ֆրանսիական դասական վեպի ժանրի վերաիմաստավորում: Ռոբ-Գրիյեի ամենաճանաչված վեպերից են Դիտորդը եւ Խանդը: Ռոբ-Գրիյեն նաեւ հայտնի է իր սցենարներով, որոնցից մասնավորապես կարելի է նշել Ալեն Ռեսնեի 1961-ին նկարահանված «Անցյալ տարի Մարիենբադում» ֆիլմի սցենարը: Վաթսունական թվականների ֆրանսիական կինոյի լավագույն նմուշներից մեկը համարվող այդ ֆիլմին հաջորդել են նաեւ այլ ֆիլմեր, որոնց սցենարիստը եւ ռեժիսորը հենց ինքը` Ռոբ-Գրիյեն էր:




























