Եթե հայկական կողմը բարձր մակարդակի վրա պահպանի զգոնությունը եւ պատրաստվածությունը, ոչ միայն հունիսին, այլեւ մյուս ամիսներին ադրբեջանցիները խոսելու են խաղաղ բանակցությունների մասին: Այս մասին NEWS.am-ին հետ զրույցում նշել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը:

Նրա խոսքով, վերջին 1,5 ամսում բավական բան է արվել հայկական բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ: «Բավական լուրջ աշխատանք է կատարվել: Ինձ թվում է, որ միայն նման տեմպի պահպանման դեպքում է հնարավոր զսպել հակառակորդին:Մեր մարտունակությունը պետք է հասնի այնպիսի մակարդակի, որպեսզի հակառակորդը չկարողանա գործել: Դրանից հետո մենք կարող ենք հաջողություններ արձանագրել նաեւ դիվանագիտության ոլորտում»,-ընդգծել է Բալայանը:

Նա նշել է, որ մարտադաշտում ունեցած հաջողությունը պետք է տեղափոխել դիվանագիտության դաշտ: «Դա, ցավոք, մենք չենք արել 1991-94 թվականների հաղթական պատերազմից հետո: Այս երկու ոլորտները փոխշաղկապված են, եւ նման գործունեությունը կստիպի ադրբեջանական կողմին նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-հավելել է Վահրամ Բալայանը:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից Երեւան վերադառնալիս, օդանավում հայտարարել է, որ հայկական կողմն առաջարկել է հաջորդ հանդիպումը կազմակերպել մոնիտորինգի հաստատումից հետո: Բանակցությունների վերսկսումը նախատեսվում է հունիսին: