Թուրքիա այցելած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Zaman» թերթը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի հետ հանդիպել է Անկարայի Rixos հյուրանոցում՝ ռամադանի կապակցությամբ կազմակերպված ճաշի սեղանի շուրջ։ Էրդողանը, կարեւորելով խաղաղության գործոնը ահաբեկչության դեմ պայքարում, Ռասմուսենից աջակցություն է խնդրել։ Էրդողանը նշել է, որ խաղաղության, կայունության, անվտանգության մեջ ամրապնդվող Թուրքիան Եվրոպայի համար կլինի տարածաշրջանում բարօրության եւ խաղաղության դերակատար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենը հայտնել է, որ իր այդտեղ գտնվելը ընդունվի, որպես աշխարհի մեծ կրոններից մեկի՝ իսլամի նկատմամբ հարգանքի նշան։Ռասմուսենը կարեւորել է Թուրքիայի դերը, որպես կամուրջ արաբական աշխարհի, Եվրոպայի եւ Միջին Ասիայի միջեւ։
Ռասմուսենը անդրադարձել է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Նա կարեւորել է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ լավ հարաբերությունների կառուցուման համար վճռական քայլեր անելը։ Ռասմուսենը անհրաժեշտ է համարել, որ Ռուսաստանի հետ ստեղծվելիք նոր հարաբերությունները պետք է հենվեն ավելի պրակտիկ համագործակցության եւ փոխադարձ վստահության վրա, ինչպես նաեւ նշել է, որ դա հեշտ գործընթաց չէ, սակայն այժմ արդեն դրական ազդանշաններ ստանում են եւ դա թե ՆԱՏՕ-ի երկրների, թե Ռուսաստանի շահերից է բխում։
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը նույնպես ընդունել է ՆԱՏՕ-ի ղեկավարին։ Գյուլը նշել է, որ իրենք աջակցում են, թե ՆԱՏՕ-ի, թե Եվրամիության զարգացմանը եւ մեկի զարգացումը մյուսին վնաս չէ։
Ըստ ստացված տեղեկությունների, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ռասմուսենին առաջարկելու է իսլամական աշխարհի հետ ավելի կառուցողական հարաբերություններ ստեղծել։ Դավութօղլուն,մասնավորապես, ցանկանում է ապահովել Ռասմուսենի հնարավոր շփումները «Իսլամական կոնֆերանս» միության հետ եւ խորհուրդ է տալու ՆԱՏՕ-ի եւ «Իսլամական կոնֆերանս» միության միջեւ համատեղ մի համաժողով կազմակերպել։




























